կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 19:22
Աշխարհ

Որոնվում է կորոնավիրուսի տարածման մեջ մեղավորը

Որոնվում է կորոնավիրուսի տարածման մեջ մեղավորը

Կենդանին, որում բուն է դնում վիրուսը, նա չի հիվանդանում, բայց կարող է այն փոխանցել այլ տեսակների, կոչվում է վիրուսի շտեմարան՝ աղբյուր: Նոր կորոնավիրուսի պարագայում աղբյուրը չղջիկն է: Վերջերս արված հետազոտության համաձայն՝ այդ վիրուսի և չղջիկի օրգանիզմում շրջանառվող վիրուսների գենոմները նույնական են 96 տոկոսով:

Այդուհանդերձ, Փարիզի Պատյորի ինստիտուտի գիտնական Առնո Ֆոնտանեի կարծիքով՝ կորոնավիրուսը մարդկանց փոխանցել է մեկ այլ՝ միջանկյալ կենդանի. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է Le Figaro-ն: «Հետազոտությունները ցույց են տվել, որ չղջիկի վիրուսը չի կարող կպչել մարդու ռեցեպտորներին, այնպես որ՝ հավանաբար, այն անցել է մեկ այլ տեսակով, որ հարմարվի մարդու օրգանիզմին»,- «France Presse» գործակալությանը ասել է գիտնականը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ կենդանի է միջնորդի դերը կատարել: Վարկածը, թե՝ օձը, որն առաջ էր քաշվել չինացի հետազոտողների կողմից, հերքվել է: Ըստ նոր կորոնավիրուսի բնույթի՝ «միջանկյալ տերը» պետք է կաթնասուն լինի, հնարավոր է՝ կրծող: Հետազոտողները ենթադրում են, որ կենդանին վաճառվել է Ուհանի շուկայում. այնտեղ, բացի ընտանի կենդանիներից, կերակուր պատրաստելու համար նաև վայրի կաթնասուններ են վաճառվում: Հարկավոր է պարզել, թե ինչ կենդանիներ են վաճառվել և ստուգել՝ դրա՞նք են վիրուսի կրողները:

«Մեղավոր» կենդանու որոնումը որոշիչ նշանակություն ունի, քանի որ դա հետագայում կարող է կանխել համաճարակի կրկնությունը: Սակայն չկա երաշխիք, որ խնդիրն արագ կլուծվի: Վարակաբան և անասնաբույժ Էրիկ Լերուան հիշեցնում է, որ Էբոլա վիրուսի աղբյուրի որոնումները սկսվել են 1976 թվականից, սակայն առաջին արդյունքները հրապարակվել են 2005-ին, նույնը՝ ՁԻԱՀ-ի դեպքում՝ 20 տարի պահանջվեց, մինչև պարզեցին, որ վիրուսի աղբյուրը կապիկներն էին:

«Հենց վայրի կենդանիների ու մարդկանց շփումն է վարակի փոխանցման հիմքում, հետևաբար՝ վայրի կենդանիներին հարկավոր է թողնել այնտեղ, որտեղ նրանք կան»,- նշում է Անրի Ֆոնտանեն:

Երկուշաբթի Nature ամսագրում տպագրված հոդվածում, որն ամփոփում է չինացի հետազոտողների աշխատանքը, նրանք պահանջում են օրենքով խստորեն արգելել վայրի կենդանիների բազմացումն ու կիրառումը սննդի մեջ: