Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով.
««Քաղաքակիրթ» Արևմուտքի ու «անկիրթ, բռի» Ռուսաստանի աչքերի առջև, միջազգային կառույցների հսկողության տակ, հեղափոխված հայ ժողովրդի ծափահարությունների ներքո, մի գորշ բռնապետություն է կամաց ձևավորվում, և ձևավորման գործընթացն էլ ֆինանսավորվում է մեր ժամանակաների հերոս՝ Սորոսի կողմից։ Բռնապետն արդեն առկա է, ով, նախկինների գերլիազորություններով օժտված, իր ձեռքերում է կենտրոնացրել ֆուտբոլից սկսած՝ գրեթե ամեն ինչ։ Բոլոր տեղերում արդեն տեղավորել է իր հետ քայլ արածներին։ Մնացել են Արցախն ու Սահմանադրական Դատարանը։ Ո՜նց է ինքն իրենով հիանում, ո՜նց է մուկն ու կատվի տալիս ժղովրդի հետ, մեկին՝ փռում է ասֆալտին, մեկի տունն է խուզարկում, մեկին բանտ է նետում, մեկին հայտարարում թշնամի։ Մտավորական կոչված զանգվածն էլ գունափոխվել, գովքն է երգում՝ Թե՝ էսպես ու էսպես, անհաղթ է մեր տերը ու անպարտ։ Երեկվա քծնող շողոքորթողներն էլ ո՜նց են հայհոյում իրենց նախկին տերերին։ Իսկական Հեղափոխություն է։ Ամեն մի ճորտ տիրոջը բարեհաջող փոխել է։ Այսքան ծիծաղելի չէր լինի, եթե անասելի լացելու չլիներ։
Հ․Գ․ Չմոռանաք՝ կարդալուց հետո կտրոն պահանջեք»։
Ի պատասխան Վանյանի գրառման՝ Հայկազուն Ալվրցեանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է.
«ԱՆՀԱՍՑԵ ՆԱՄԱԿ ԻՄ ԸՆԿԵՐ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆԻՆ՝ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՄԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելիʹ Դավիթ, գրությանդ մեջ ճիշտ ես նկատել, որ բռնապետություն է հաստատվում, բայց համաձայն չեմ, որ այն հաստատվում է, ինչպես գրում ես, «քաղաքակիրթ» Արևմուտքի ու «անկիրթ, բռի» Ռուսաստանի աչքերի առջև, միջազգային կառույցների հսկողության տակ»: Այն հաստատվում է մեր երկրում, մեր ժողովրդի աչքերի առջև և նրա մի փոքր հատվածի՝ ագրեսիվ փոքրամասնության ընտրած իշխանությունների հսկողության ներքո:
Նաև վիճարկելի է, որ այս գործընթացը ֆինանսավորվում է «մեր ժամանակների հերոս Սորոսի կողմից»: Ի վերջո Սորոսը թքած ունի մեր պետության էլ, բռնապետության էլ վրա: Բռնապետացման այս գործընթացը սնում է մեր ժամանակի մեկ այլ հերոս՝ նյութապաշտ, երկչոտ և ստրկամիտ «Հայաստանի հպարտ քաղաքացին»: Վաղուց բացահայտված ճշմարտություն է՝ բռնապետության սիրած սնունդը հպատակների վախն ու ստրկամտությունն է: Իսկ մեր օրերում հանկարծ հասկացա, որ այս հասկացությունները՝ բռնապետություն և վախ ու ստրկամտություն, դիալեկտիկական կապի մեջ են (համալսարանում երևի հասցրել ես դիալեկտիկական մատերիալիզմից քննություն հանձնել):
Գուցե ճիշտ ես՝ նշելով, թե «Ո՜նց է ինքն իրենով հիանում, ո՜նց է մուկն ու կատվի տալիս ժողովրդի հետ, մեկին փռում է ասֆալտին, մեկի տունն է խուզարկում, մեկին բանտ է նետում, մեկին հայտարարում թշնամի»։ Սա թերևս, կարելի էր համարել, թող ների Չարենցը, «Կապկաց թամաշա», անմեղ խաղ ու զվարճանք այն ԳԱԼԻՔԻ համեմատ, որի ուրվականը արտահերթ կերպով երեկ շրջում էր ԱԺ վերջին նիստում, որտեղ վարչապետի ելույթից և հպարտ քաղաքացիների ընտրած 88 պատգամավորների միաձայն քվեարկությունից պարզ դարձավ, որ «սպիտակ, հեղափոխական - սև, հակահեղափոխական» խմբավորումները բնաշրջության թե բռնապետության օրենքով արդեն վերածվում են պետական և հակապետական խմբերի, այլ կերպ՝ հայրենասերների և դավաճանների, և դա բնորոշողն ու որոշողն էլ ժողովրդի սրտի վարչապետն է լինելու: Նայիրյան խորհրդարանի մի լուսավոր պատգամավոր՝ Մարուքյան ազգանունով, ուզեց հավաստիանալ՝ արդյոք ինքը ճի՞շտ է հասկացել, որ պետականներին հակապետականներից պետք է զատի ոչ թե դատարանը, այլ ամենայն հայոց վարչապետը, վերջինս գլխի թեթև, բայց վճռական շարժումով հաստատեց: Էնպես որ, սիրելիʹ ընկեր, «ինքն իրենով հիանալը» դեռ առջևում է:
Նաև համաձայն չեմ, թե «մտավորական կոչված զանգվածն էլ գունափոխվել, գովքն է երգում՝ թե՝ էսպես ու էսպես, անհաղթ է մեր տերը ու անպարտ»։ Համաձայն չեմ, որովհետև մտավորականը զանգվածով չի լինում, իսկ եթե զանգված է, ուրեմն էդտեղ մտավորական չկա, ճիշտ այնպես, ինչպես առյուծի ոհմակ չի լինում, իսկ եթե ոհմակ է, ուրեմն էնտեղ առյուծ լինել չի կարող: Եթե ասածիդ միջից «մտավորական» բառը հանենք, մնացածը ավելի քան ճիշտ է, այսինքն՝ իրականություն է: Ի վերջո պատմության մեջ պալատական երգիչներ միշտ էլ եղել են, նրանց մեջ՝ նաև օժտված կամ տաղանդավոր մարդիկ: Պալատական ասելով՝ նկատի չունեմ աշխատանքի վայրը, այլ միայն տեսակը, բնույթը: էս հարցը, Դավիթ ջան, միշտ էլ բուռն վեճերի առիթ է եղել, սակայն ես համոզված եմ, որ մտավորականներ միշտ էլ կան, բայց մտավորականություն չկա. այն պայմանական հասկացություն է, ինչպես –ություն ածանցով կազմված շատ վերացական գոյականներ:
Նաև չեմ հասկանում, թե ինչու ես զարմանում կամ զայրանում, որ «Երեկվա քծնող շողոքորթողներն էլ ո՜նց են հայհոյում իրենց նախկին տերերին։ Իսկական Հեղափոխություն է։ Ամեն մի ճորտ տիրոջը բարեհաջող փոխել է»։ Միշտ էլ էդպես է եղել, իսկ եթե մի հրաշքով հանկարծ չքծնեն ու չշողոքորթեն, ուրեմն… ի՞նչ. աշխարհի երեսից վերանա՞ էս տեսակը: Թվում է՝ վատ չի լինի, որովհետև ինքնաբերաբար տեր հասկացությունն էլ կվերանա, բայց… ախր էդպես ո՞նց կլինի: Նշածդ «Իսկական Հեղափոխության» համար էլ ասեմ հետևյալը. դեռ դպրոցում, հետո էլ Համալսարանում սովորել ենք, որ հեղափոխություններն ունենում են կարգախոս, ասենք՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՀՈՂԸ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՆԸ՝ ԲԱՆՎՈՐԻՆ, կամ ՄԻՑՈՒՄ և այլն: Տեսնում ենք, որ սրանց մեջ ընկերային-տնտեսական-քաղաքական ծրագրեր կան, իսկ ԴՈՒԽՈՎ-ի ի՞նչն է ծրագրային. ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻՆ-ը, թե՞ ՆԻԿՈԼ ՎԱՐՉԱՊԵՏ-ը;
Հ․Գ․ Քանի որ ժամանակները խառն են, կարդալուց հետո չմոռանաս այրել»։