Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել անկուսակցական, ոստիկանության նախկին գնդապետ Վրույր Սիմոնյանը: Ընտրությունների նախնական արդյունքներով նա հավաքել է 1407 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը՝ 1391 ձայն:
Ավետիսյանն, ում եղբայրը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանն է, բողոքարկել է ընտրությունների արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ կատարել: Այսօր թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովում շուրջ 6 ժամ տևած վերահաշվարկի արդյունքում Զովունիի գործող գյուղապետը ևս երեք ձայն է կորցրել: Արդյունքում նա ստացել է 1388 ձայն: Վերահաշվարկի արդյունքում Վրույր Սիմոնյանի ստացած քվեները դարձել է 1405: Այսպիսով, անկուսակցական գյուղապետը 17 ձայնի տարբերությամբ հաղթել է գործող, ՀՀԿ-ական գյուղապետին:
Նշենք, որ քվեաթերթիկների վերահաշվարկն անցել է լարված մթնոլորտում: ՀՀԿ-ական գյուղապետի կողմնակիցները պարբերաբար վիճում էին հանձնաժողովի անդամների և ընտրված գյուղապետի կողմնակիցների հետ: Նրանք ամեն կերպ փորձում էին Սիմոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներում անճշտություններ գտնել, որպեսզի հիմքեր ունենան դատարան դիմելու համար: 18 տարի Զովունիում պաշտոնավարած գյուղապետի հույսը Վճռաբեկի նախկին դատավոր եղբայրն է, ով, ըստ շրջանառվող լուրերի, մտերիմ հարաբերություններ ունի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Սակայն պարզվում է, ՀՀԿ-ական գյուղապետը նախկինում ևս չընտրվելուց հետո դատական ճանապարհով եկել է իշխանության: Վրույր Սիմոնյանը, սակայն վստահ է, որ այս անգամ իր մրցակցին չի հաջողվի կեղծիքներով գալ իշխանության, քանի որ նա ամեն ինչ անելու է իր ձայները պահելու համար:
«Ինքը ժամանակին էլ է պարտվել և օգտագործելով իր եղբոր լծակները՝ դարձել է գյուղապետ: Դրանից հետո կայացած 3 ընտրություններում էլ ողջ լծակներն օգտագործել են, զոռով նրան բերել ՝ դրել են գյուղի գլխին, գյուղացիներին էլ ահաբեկել են, դրա համար էլ 20 տարի է՝ գյուղում ոչ մի գործ չի արվել: Այս անգամ էլ են փորձելու, բայց կարծում եմ՝ գյուղացիների հոգեբանությունն էլ է փոխվել, վախի մթնոլորտն էլ է անցնել: Սա բռնապետություն չի, ժողովու’րդ ջան»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանը: Վերջինս հայտնեց, որ ընտրությունների ընթացքում իր մրցակիցը գյուղում համատարած ընտրակաշառք է բաժանել: «Անհարմար է, գործող գյուղապետն է՞լ ընտրակաշառք կբաժանի, որ նորից դառնա գյուղապետ»,-ասաց նա: Նշենք, որ ՀՀԿ-ական գյուղապետը չէր ներկայացել վերահաշվարկին, իսկ նրա կողմնակիցները հրաժարվեցին պատասխանել Yerkir.am-ի հարցերին:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: