Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ մարմնեղ կինը այնպիսի հզոր ճոճք էր առաջացնում՝ վիբրացիա, որ այն կողքի մանր-մունր մարդիկ, որ էլի մարմնեղ տղամարդիկ և կանայք էին, ինձ թվում էր՝ հեսա կթռնեն դիմացի պատը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ այցի ժամանակ իրեն զարմացրած պարերին։
Նյու-Յորքի հայ համայնքի ամենամյա պարային երեկոյի ժամանակ, որտեղ հին հայկական պարեր են պարում, հանդիպել է այդ կնոջը, որը Հալա էր պարում և հենց ինքն էր քաշում շարքը․ «Սովորաբար տղամարդ է շարքը տանում, բայց ինքն այնպիսի էներգիայով էր տանում՝ ինձ թվում էր՝ հեսա շարքը թռնելու է օդ։ Այդ կինը բավականին մարմնեղ կին էր և պարելիս այնպիսի տատանումներ էր անում՝ ինձ թվում էր շենքը կքանդվի․ ընդ որում՝ Նյու Յորքի կենտրոնական հայկական եկեղեցու հարևան սրահում էր՝ նույն շենքի մեջ։ Եվ Էդ ինչ ալիք էր ստեղծում այդ կինը, նայում ես, ասում ես՝ Երևանում կփռվեր, կմիացներ գողական ենթամշակույթով սերիալը, բայց այդ կինը ինչ հուզմունքով էր պարում, ամբողջ Էրգիրը նրա մեջ էր։ Ես 30 տարուց ավելի զբաղվում եմ պարով՝ ես նախանձեցի, որ այդ էներգիան չեմ կարող ունենալ։ Ինձ թվում էր, որ իրոք՝ շոքեքարշի անիվները պտտող երկաթների նման, ինձ թվում էր՝ հեսա կպոկի գետնից ամբողջ շարքը, ա՛յ տենց էներգիա ուներ»։
Նրան զարմացրել է 91 տարեկան Կայծակ պապիկը՝ պարսկահայ, որը փայտով, բայց պարում էր ուրմիահայերի պարեր․ «Մի քիչ պարեց, նստեց, ասաց՝ ծունկս ցավաց, հիմա դու պարի։ Ինքը թելադրում էր՝ աջով, ձախով, հետո ելնում էր՝ ցույց էր տալիս, նորից նստում էր»։
Դետրոյտից Խաչիկ Ղազարյանի հետ հեռախոսով է խոսել ու ձայնագրել․ «Որպեսզի այդ մարդու փաստերը՝ 10/8-ը, 6/8-ը, ի՞նչ պարեղանակներ ունեն, վանեցի պապը, որ եկել էր հենց Էրգրից՝ ի՞նչ էր պատմում Էրգրի մասին․․․ էս մարդիկ էսօր կան, վաղը՝ չկան։ Ես ջրդեղված՝ երազում էի, որ այդ մարդու հետ խոսակցությունը չավարտվի, 2 ժամից ավելի խոսել ենք ու ձայնագրել եմ»։
Ղազարյանների ընտանիքը երրորդ սերունդն է, որ պահպանում, փրկում է պարեղանակները։ 79 տարեկան Խաչիկ Ղազարյանն ասել է՝ Հայաստանից եկան գիտնականներ, գրառեցին իր գրառած 10/8-ը և գնացին Երևան՝ հրատարակեցին 6/8 չափով։
ԱՄՆ երևույթը կարևոր է, քանի որ ի տարբերություն Եվրոպայի և Միջին Արևելքի, այնտեղ պահպանվել են բնօրինակներ՝ փաստում է Գագիկ Գինոսյանը․ «Խորհրդային Միությունը ոչնչացրել է իր կաղապարից, իր քառակուսի ուղեղից դուրս մտածելակերպը․ հայկական պարարվեստում 3/4 չափն է, 4/4, 6/8․․․ իսկ ԱՄՆ-ում բազում պարեղանակներ կան՝ 10/8 չափով, 7/8, 9/8 , 11/8 չափով»։
Լոս Անջելեսում հանդիպել է 82 տարեկան Թոմ Բոզիկյանին, որը 100-ից ավելի պարեր գիտի․ «Այդ մարդուն անընդհատ պետք է խոսեցնել, նկարել։ Ինքը գիրք գրող մարդ չէ, բայց այդ բոլոր պարերը գրառել է․ մեկնությունները՝ ինչ խորհուրդ է կրում, որ տարածաշրջանից է, ինչ ծեսի մաս է։ Ֆրեզնոյում լուրջ երաժիշտներ կան»։
Գերի Լինդին նա կոչում է Հայկական պարարվեստի Նանսենը․ մոտ 200 պարանմուշ փրկել է իր հայ կնոջ հետ։
Գագիկ Գինոսյանն արձանագրեց, որ ահռելի նյութ կա ԱՄՆ-ում, անհատակ նյութ, որը պետք է օր առաջ գրառել, որովհետև այդ ամբողջը ոչնչանում է։
«Սա մի ահռելի նյութ է, որը պետք է մեկ անգամ ևս խմորվի, մի գիտաժողով կազմակերպվի, բոլորի գիտելիքները ի մի բերվի և հայ պարարվեստի աշխարհագրությունը հասկացվի»,-ասաց նա։
Այս մարդկանց հետ, նրա համոզմամբ, պետք է բանակցություններ վարել և իրենց գիտելիքները իրենց անուններով հրատարակել, ով գրելու ձիրք չունի՝ խոսեցնել, սղագրել, հրատարակել, քանի դեռ կան այդ փշրանքները։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․