Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրան-Ամերիկա` ներկայիս լարված հարաբերությունները նոր չեն, պարզապես այս փուլն աչքի ընկավ ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումով. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը` հիշեցնելով, որ խոսվում էր նաև հնարավոր ռազմական բախման մասին:
«Ամերիկյան կողմը լուր տարածեց, թե Թրամփը որոշում է ընդունել ավիահարվածներ հասցնել Իրանին, բայց հետագայում հայտարարվեց, որ այդ մտադրությունը չեղարկվել է: Ըստ ոչ ամերիկյան աղբյուրների` Ամերիկան ավիահարվածներ հասցնելու որոշումը չեղարկել է` հաշվի առնելով այն վնասներն ու հետևանքները, որ կարող են լինել ռազմական հնարավոր բախման դեպքում, ինչպես նաև իրողությունը, թե ինչ պատասխան կարող է տալ Իրանը: Իսկ Իրանը կարող է պատասխանել Մերձավոր Արևելքում գտնվող կոնկրետ պետությունների ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելով»,- մեկնաբանեց իրանագետն` ընդգծելով, որ գոնե այս փուլում ռազմական անմիջական բախում չի լինի:
Ասուլիսի մյուս բանախոսը` իրանագետ Գարիկ Միսակյանը, նշեց, որ ամերիկյան կառավարությունը, գնահատելով Իրանի հետ ռազմական բախման հետևանքով առաջ եկող ռիսկերը, ըստ երևույթին, որոշել է տնտեսական պատերազմի ճանապարհով գնալ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով, որ տնտեսական նոր պատժամիոցների թիրախում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակն ու նրա հետ կապ ունեցող անձինք կլինեն:
«Թեև Իրանում ասում են, որ այդ պատժամիջոցները չեն կարող որևէ հետևանք ունենալ, բայց, միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը, չմատնանշելով որևէ կոնկրետ աղբյուր, նշում է` տասնյակ միլիարդ դոլարներ արդեն սառեցվել են իրանական փողերից: Իրան-Ամերիկա լարված հարաբերությունները, կարող ենք ասել, շարունակվելու են մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարումը: ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ տնտեսական պատերազմը շարունակելու է այն հույսով, թե Իրանին այնքան կհյուծի, ներքին լարումներն այնպիսի վիճակի կբերեն երկիրը, որ վարչակարգի փոփոխություն կլինի, կամ էլ Իրանին բանակցությունների սեղանի շուրջը կբերի»,- ասաց Միսակյանը` նշելով, որ երկու տարբերակն էլ քիչ հավանական է համարում, քանի որ Իրանի հոգևոր առաջնորդը մերժեց անգամ Ճապոնիայի միջնորդական առաքելությունը` հայտարարելով, թե չի վստահում ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությանը:
Իրանագետը ընդգծում է` Իրանը տարածաշրջանում Հայաստանի բարեկամ երկրներից է, ու ցանկացած լարում, ռազմական բախման աննշան հնարավորություն մեզ համար նույնպես պետք է մարտահրավեր լինի:
«Պետք է բավական ուշիմ հետևել իրադարձություններին: Ե՛վ տնտեսական, և՛ անվտանգային առումով Իրանը համարվում է Հայաստանի հարավային դարպասը, բացի այդ` ցամաքային անվտանգ սահման ունի Արցախի հետ: Այս կոնտեքստում Հայաստանը պետք է շարունակի ու շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները»,- խոսքն ամփոփեց իրանագետ Միսակյանը:
Yerkir.am-ը բանախոսներից հետաքրքրվեց` տիրապետելով «աղվեսային դիվանագիտությանը»` հնարավո՞ր է, որ Իրանը ճիշտ պահին հետքայլ անի: Հարցին պատասխանեց Ահարոն Վարդանյանը` նշելով, որ Իրանն ունի իր հստակ կարմիր գծերը, դրանցից է, օրինակ, հրթիռային ծրագիր, որը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը:
«Ինչո՞ւ նա երբեք հետ չի կանգնի իր հրթիռային ծրագրերից, որովհետև այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ քաոսային իրավիճակ է: Հհակառակ դրան` Միացյալ Նահանգները պնդում է, որ բանակցությունները կարող են շարունակվել այն դեպքում, երբ Իրանը վերանայի իր հերթիռային ծրագրերը: Իրանն էլ իր հերթին է ընդգծում` բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնա միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը վերադառնա միջուկային համաձայնագրին, հետևաբար` բանակցությունն այս պարագայում հեռվում երևացող ինչ-որ բան է»,- եզրափակեց Վարդանյանը: