Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խելքդ գցել ես, Աղաս ջան»,-դիմելով «Մեդիա պաշտպան նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանին՝ ֆեյսբուքում գրել է Հանրային Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
ՀՌՀ նախագահի վրդովմունքի պատճառը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարություն է, համաձայն որի՝ Տիգրան Հակոբյանը խուսափել է գնահատական տալ Հանրային հեռուստաընկերության եթերում ՍԴ նախագահի վերաբերյալ երեկ հրապարակված ռեպորտաժի կապակցությամբ: Տ. Հակոբյանը «Մեդիա պաշտպանի» հարցին ի պատասխան նշել է, որ կարծիք չունի տեսանյութի վերաբերյալ և հավելել, որ Հանրային հեռուստաընկերություն չի դիտում։
«Ստացվում է, որ կա՛մ ՀՌՀ աշխատակիցներն են թերացել իրենց գործում և չեն նկատել հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ակնհայտ իշխանական քաղաքական քարոզչությունը, կա՛մ մոնիթորինգի թիմն ուղղակի չի զեկուցել Տիգրան Հակոբյանին Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնով հեռարձակվող իշխանական քաղաքական քարոզչանյութի մասին»,-նշված է ազատ խոսքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց խուսափել էր նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, որը Աղասի Ենոքյանի հետ ուղիղ եթերում հեռարձակված հեռախոսազրույցի ընթացքում հայտարարեց. «ՍԴ նախագահի մասին Հ1-ի ռեպորտաժի թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա ինձ չի վերաբերում»:
Դժվար է պատկերացնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ իր պարտականությունների մեջ է մտնում Հանրայինով հեռարձակվող կոնտենտի անաչառության ու բազմակողմանիության ապահովմանը հետևելը և այս հարցը ուղղակիորեն իրեն է վերաբերում:
Հիշեցնենք, որ երեկվանից ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակած ռեպորտաժն է, որը հարուցել է լրագրողական և իրավապաշտպան շրջանակների դժգոհությունը:
Նշված ռեպորտաժում նախ պահպանված չէ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվության չտրամադրման՝ Հանրային հեռուստաընկերության մասին օրենքում սահմանված դրույթը, բացի այդ կոպտորեն խախտված է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածն ու նախաքննության փուլում դատավորին վերաբերող քրգործի հանրայնացման արգելքի օրենսդրական պահանջը:
Երեկ այս մասին հայտարարել էին նաև ՍԴ նախագահի պաշտպանները, իսկ այսօր առավոտյան այդ ռեպորտաժը իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապացուցելով, որ ՍԴ նախագահի դեմ եթեր հեռարձակվածը անձամբ իր քաղաքական պատվերն է: «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-տեսանյութին կից գրել էր Փաշինյանը:
Ավելի ուշ, ՍԴ նախագահի պաշտպանները դիմումներ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և ԱԱԾ՝ պարզաբանումներ պահանջելով Հ1-ին տրամադրված տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև գործադիր ղեկավարի կողմից դատական իշխանության առերևույթ զավթման փորձի կապակցությամբ: