կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-30 19:38
Հասարակություն

Մեղադրվող նախկին պաշտոնյան կարեն կարապետյանի ազգականն է

Մեղադրվող նախկին պաշտոնյան կարեն կարապետյանի ազգականն է

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:  Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մասնավորապես, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ:

«Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, 2014 թվականի փետրվարից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությամբ, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:
Մասնավորապես՝ տեղեկացված լինելով ՀՀ ազգային ժողովի աշխատակիցների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կենտրոններից մեկին հանձնարարված լինելու և համապատասխան հանձնարարականի մասին, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ աշխատանքային մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց լրացուցիչ վարձատրություն ապահովելու համար, ինչպես նաև տեղակացված լինելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետն արդեն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում՝ որևէ գործողություն չի կատարել՝ վերջիններիս զբաղեցրած պաշտոնից ազատելու կամ նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ» մանրամասնում են ՔԿ-ից եւ հավելում, որ այս ամենի արդյունքում, նշված աշխատակիցները շարունակել են աշխատավարձ ստանալ ԱԺ-ից՝  պատճառելով՝ 1.036.409 դրամի  վնաս: Մեր տեղեկություններով ԱԺ մեղադրվող պաշտոնյան  Հերմինե Ղազարյանն է, ում, ի դեպ, սեպտեմբերին՝ խորհրդարանում ընթացող կադրային ապօրինի ջարդի օրերին, նույն օրը 3 անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ազատել է աշխատանքից: Ղազարյանն ավելի քան 15 տարի աշխատում է խորհրդարանում, Տտաշիր Գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ազգականն է՝ զարմիկը:  նշված պաշտոնին նշանակվել է 2014-ին, բայց մինչեւ ՍԴ ներկայիս նախարար Հրայր Թովմասյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալը:

Պարզեցինք, որ քրեական գործի հիմք հանդիսացող իրադարձությունները եղել են այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, ասել է թե՝ նոր իշխանությունների ժամանակ: Պաշտոնյային վերագրվող «հանցանքը» համառոտ հետեւյալում է՝ առողջապահության նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել՝ հայտնելով, որ ԱԺ-ին սպասարկող բժիշկները հաշվառված են Նաիրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ աշխատանքի են անցել նշված հիվանդանոցում, ուստի անհրաժեշտ է նրանց հեռացնել ԱԺ կադրերի հաստիքացուցակից, ինչը, փաստորեն չի արվել: Սակայն համաձայն խորհրդարանի մեր լավատեղյակ աղբյուրների՝ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Նախ, դա համընկել է այն ժամանակահատվածին, երբ խորհրդարանում կառուցվածքային փոփոխություններ եւ նոր հաստքացուցակներ էին կազմվում եւ կադրային «բոլոլա» էր , աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը վարում-ցանում էր, ապօրինի հրամանագրեր ստորագրում, վերաձեւում ԱԺ աշխատակազմը, զանգվածային ազատումների պատրաստվում եւ հենց այդ ժամանակ բոլորովին մեկուսացվել է  Հերմինե Ղազարյանը, նրան թույլ չեն տվել ոչնչով զբաղվի: Անձամբ էին գրում-ջնջում, ում պահել, ում թողնել, ի դեպ, հատկանշական է, որ մինչ օրս էլ այդ բուժաշխատողների հաստիքները պահպանված է ԱԺ հաստիքացուցակում: Մեզ պատմեցին նաեւ, որ Ղազարյանը նախարարի գրությունը ստանալուն պես ԱԺ ղեկավարությանը զեկուցել է, որ նախարարի հրամանը չի կարող ԱԺ աշխատողներին ազատելու հիմք հանդիսանալ, նախ պետք է որեւէ օրինական հիմնավորմամբ հրաման տալ, ապա նաեւ պատշաճ ծանուցել նրանց ազատված լինելու մասին, այսինքն՝ ազատման օրինական ճանապարհը հաստիքացուցակի փոփոխությունն է: Սակայն, Տիգրան Գալստյանը պատասխանել է, որ ԱԺ հաստիքացուցակն արդեն փոխում են: Հավանաբար հաստիքացուցակը փոխելիս մոռացել են նախարարի գրությունը եւ ցայսօր բուժաշխատողի հաստիքը նշված է հաստիքացուցակում: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ այս գործի հիմքում ավելի շատ ներկա աշխատակազմի ղեկավարի փնթի, բայց ինքնավստահ աշխատանքի արդյունքն է, ով ամռան ամիսներին լծվել էր ԱԺ հաստիքացուցակը չափել-ձեւելու գործով եւ հարմարեցնում էր իրենց ճաշակին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: