կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 14:22
Հասարակություն

Ադրբեջանը նոր քաղաքական փաստարկների զինանոց ունի. Դավիթ Շահնազարյան

 «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը՝ 2020-ի նախաշեմին» համաժողովի ժամանակ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը վերլուծեց արցախյան բանակցությունների վերաբերյալ  Հայաստանի արտաքին քաղաքական դիրքրոշումն ու այդ համատեքստում արձանագրած արդյունքը։ Ըստ Yerkir.am-ի՝ Դավիթ Շահնազարյանը բանակցային գործընթացի արդյունքները գնահատելիս՝ մի քանի առաջնահերթություներ նշեց։

Առաջինը, ըստ նրա, այն է, որ մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ ունենք. «Խոսքը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև  օրակարգի մասին է։ Հայաստանի իշխանությունները հարց բարձրացրին, որ Արցախի իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին։ Նրանց  թվում էր, թե դա մի հայտարարությամբ կարելի է անել՝ չհասկանալով, որ դա  տարիների աշխատանքի արդյունք է եղել»։

Հիմա, նրա խոսքով, ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտություն է ստանում․ «Եվ այդ մասին արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների ներկայացուցիչներն են նշել, նաև  Ռուսաստանի արտգործնախարարը,  Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն են  շեշտել։ Միջազգային վերլուծական կենտրոնները ևս չափազանց վտանգավոր այս հարցն առաջ են քաշում»։

Դավիթ Շահնազարյանը ուշադրություն հրավիրեց, որ ինքնորոշման հարցը, որն արցախյան  խնդրի հիմքում է եղել, էապես թուլացել է,  և ներկա իշխանություններն այդ հարցը գրեթե չեն հետապնդում․ «Մեջտեղ է բերվել մի բանաձև, ըստ որի՝  ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից և այդ բանաձևը հակասում է ինքնորոշման իրավունքին։ Ցավոք, ներկայիս իշխանություններն անընդահատ  պնդում են դա, թեև դրա վտանգը բազմիցս ներակայացվել է»։

Դրանից բացի, Շահնազարյանին մտահոգում է, որ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն խոսում այն կարևորագույն հարցից, որ պատերազմն Ադրբեջանն է սկսել, ինչը բազմաթիվ միջազգային արձանագրություններում նշված է․ «Ադրբեջանը նաև պատերազմը շարունակել է 2016 թվականին։ Չի խոսվում նաև ռազմական գործողությունների վտանգի մասին, որ Ադրբեջանից է գալիս։ Եվ Ադրբեջանը վերջին ամիսներին իրեն ներկայացնում է որպես ագրեսիայի  զոհ։ Հայաստանի իշխանությունները դրա մասին ընդհանրեպես չեն խոսում։ Այս քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստացել է նոր  քաղաքական  փաստարկների զինանոց, որով նա կարողանում է  արդարացնել իր հերթական ռազմական հարձակումը»։

Մյուս կարևոր հանգամանքը նա համարեց այն ցավալի փաստը, որ առաջին անգամ միջազգային հանրությունը և Ադրբեջանը մի դիրքում են, Հայաստանը՝ մեկ այլ դիրքում։

«Սրա մասին երկու անգամ Ռուսաստանի  արտգործնախարարն է խոսել։ Սա նույնպես մտնում է  այն փաստարկների մեջ, որ Ադրբեջանը օգտագործում և օգտագործելու է  իր կողմից սպասվող ռազմական գործողություններն արդարացնելու հնարավորությունը»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։