կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 14:42
Քաղաքական

ԼՀԿ-ն ներկայացրեց Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու մտադրության պատճառը

ԼՀԿ-ն ներկայացրեց Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու մտադրության պատճառը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին ետ կանչելու մտադրությունը կապ չունի Խաժակյանի աշխատանքից գոհ լինել-չլինելու հետ.  ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Ըստ բանախոսների՝ իրենց կուսակցությունում նկատել են, որ «Լույս» խմբակցությունը երբեմն շեղվում է կուսակցության որդեգրած տեսլականից, լինում են իրավիճակներ, որոնք դուրս են անգամ Խաժակյանի ազդեցությունից, և այդ արարքների համար կուսակցությունը պատասխանատվություն կրել չի ուզում:

«Մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է, և երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, Խաժակյանն իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Բայց միևնույն ժամանակ իրավիճակներ կան, որ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, սակայն Խաժակյանը որպես խմբակցության ղեկավար դրա համար պատասխանատվություն է կրում, որը տարածվում է ԼՀԿ-ի վրա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են կոնկրետ ոչ մեր անդամների գործունեության համար»,- փաստեց Մարուքյանն ու ավելացրեց. «Մենք մտածում ենք՝ միգուցե չմասնակցենք, որ որևէ կերպ չդառնանք թիրախ»:

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ իրենց կուսակցությունն ունի իր օրակարգը, գաղափարախոսությունը՝ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ավագանիում:

«Հետևաբար, երբ կառավարման խորհուրդը և կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է այս պարագայում մեր մասնակցությունը նպատակահարմար կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը: Հետևաբար, այդ առումով մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որն, ըստ էության, կուսակցության տեսլականում, օրակարգում ներառված չէ: Եվ կուսակցությունն, ըստ էության, ազդեցություն չունի այդ վարքագծի համար»,- ամփոփեց նա: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խմբակցությունում քննարկման է դրվել Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը: