կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-15 22:30
Քաղաքական

Դաշնակցությունը ամբողջական պատասխանատվության հայտ է ներկայացնում 2020թ համապետական ընտրություններում․ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու

Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու՝ 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով։

Որոշումից անմիջապես հետո ՀՅԴ նախագահի ապագա թեկնածու Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսեց առաջիկա ընտրություններում ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթների մասին, որոնք ևս հաստատել է Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը։

Առանցքային դրույթներից է հիմնախնդրի կարգավորումը Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործմամբ։ Այս հոդվածը սահմանում է․ «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»:

Դավիթ Իշխանյանը այս դրույթը մեկնաբանեց «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքով, որը Դաշնակցության հայեցակարգային մոտեցումներից է․ «Մեր մոտեցումների հիմնաքարն է, բնականաբար, դրանով պայմանավորված է լինելու մեր զարգացումը»,-ասաց նա։

Հաջորդ նպատակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը իրավապայմանագրորեն ամրագրելն է։ Ի՞նչ ժամկետում՝ հարցին, Դավիթ Իշխանյանը պատասխանեց՝ Դաշնակցությունն այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարել, նույնիսկ Ստեփանակերտում հոկտեմբերին կազմակերպել է համաժողով, որտեղ լուրջ քննարկումների դաշտ է բացվել․ «Մասնակցում էին Հայաստանի ներկա և նախկին իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ և այդ համաժողովի նպատակն էր ի մի բերել և ճշգրտումներ անել մեր ընդհանուր մոտեցումների մեջ։ Կարծում եմ, ժամկետի մասին խոսելիս՝ կարող ենք նույնիսկ ասել, որ ուշացել ենք, թերևս այդ իրավապայմանագրային փաստը պետք է անցյալում կայացած լիներ։ Ցավոք սրտի, այսօր միայն խոսում ենք և գործնական քայլերը իրականություն չեն դառնում։ Հայկական երկու հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը առաջիկայում ևս լինելու է մեր օրակարգային հարցերից»։

Առաջիկա համապետական ընտրություններում ՀՅԴ նախընտրական ծրագրի հաջորդ դրույթը Արցախի Հանրապետությունում նոր Սահմանադրության ընդունումն է։ Դավիթ Իշխանյանն ասաց՝ մի շարք կետեր ՀՅԴ-ին թելադրել էին 2017 թ-ին դեմ քվեարկել գործող Սահմանադրության նախագծին։ Իրենք առաջարկում են ներդնել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, հրաժարվել նախագահական և խորհրդարանական ընտրությունները համաժամանակյա անցկացնելու մոդելից, կառավարության կազմի առաջադրումը վերապահել Խորհրդարանին, ոչ թե նախագահին և այլն։

«Համենայն դեպս, այդ բոլոր լիազորությունները մեկ անձի վրա կենտրոնացնելը բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց և մենք դեմ քվերակեցինք Սահմանադրության այդ նախագծին։ Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ 2020 թ-ի համապետական ընտրություններից հետո պետք է որոշակի նոր մոտեցումներ ցուցաբերվեն՝ ընդհուպ մինչև Սահմանադրության փոփոխություն։ Այդ հարցը մենք քննարկել ենք Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցություների հետ։ Որոշների համար դա ընդունելի է, որոշները գտնում են, որ, անհրաժեշտության դեպքում, դա կարող ենք դարձնել օրակարգային հարց։ Բայց մեր տեսակետն այն է, որ կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն և 2020 թ համապետական ընտրություններից հետո պետք է անդրադարձ լինի Սահմանադրության փոփոխությանը»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

«Ազգ-բանակ» կոնցեպտը ևս Դաշնակցությունը ներառել է նախընտրական հիմնադրույթներ։ Արդյո՞ք սրանով քաղաքական ուժը չի ասոցացվի նախկին իշխանությունների հետ՝ հարցին, Դավիթ Իշխանյանը հակադարձեց՝ պետք չէ «նախկին-ներկա իշխանություններ» հասկացությունը մեջտեղ բերել, քանի որ ՀՅԴ-ն այդ սկզբունքի մասին խոսում էր դեռ 1990-ական թվականներից․ «Դեռ 90-ականներին մեր հաջողությունները պայմանավորված էին հենց համաժողովրդական զինվորագրումով և բանակային կառույցների մեջ ներգրավումով։ Այդ սկզբունքը տարբեր ժամանակներում բարձրաձայնել ենք, պարզապես, վերջին տարիներին ՀՀ նախկին իշխանություների կողմից այդ սկզբունքը որդեգրվեց և փորձեցին, որոշ առումով, դնել օրենսդրական  մակարդակի վրա։ Դաշնակցության համար այդ սկզբունքը տասնամյակների, անգամ հարյուրամյակների պատմություն ունի՝ եկեք հիշենք 20-րդ դարասկզբին Նիկոլ Դումանի և այլոց գաղափարական հիմնավորումները»։

ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովի հրապարակած սկզբունքները, Դավիթ Իշխանյանի խոսքով, միասնական օրակարգի այն հարցերն էին, որոնց շուրջ փորձեցին ներքաղաքական համախմբում ապահովել և Արցախի նախագահի՝ համաձայնեցված թեկնածու ունենալ։ Բայց քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում որոշեցին սեփական թեկնածու առաջադրել։

«Ժամանակին նաև հայտարարել էինք, որ եթե այդ ամենը հաջողություն չունենա, բնականաբար, Դաշնակցությունը անճարակ չէ և իր մեջ ունի այդ վճռականությունը և պատրաստակամությունը՝ հանդես գալու սեփական թեկնածուով և ամբողջական պատասխանատվության հայտ ներկայացնելու ապագա համապետական ընտրություններին։ Մեր ջանքերը ամբողջական արդյունք չտվեցին։ Թերևս, մենք չենք ափսոսում այդ կորցրած ժամանակի համար, բայց ափսոսանք ենք ապրում, որ չհաջողվեց այդ համախմբումը իրականություն դարձնել։ Վերջապես, Դաշնակցության որոշումները կայանում են ընդհանուր քննարկումների արդյունքում։ Այսօրվա մեր արտակարգ ժողովում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացրած զեկույցի հիման վրա տեղի ունեցավ շատ անկաշկանդ և բազմակողմանի քննարկում, որի արդյունքում ժողովը կայացրեց այդ որոշումը»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Նա նաև նշեց, որ ներկայացված սկզբունքները ոչ միայն նախընտրական փուլի, այլև 2020 թ-ի համապետական ընտրություններից հետո Արցախի զարգացման հիմնական ուղղություններն են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ ոլորտներում։

Նշենք, որ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը այսօրվա որոշմամբ հրապարակել էր Արցախի առաջիկա համապետական ընտրություններում Դաշնակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթները, ինչպես նաև հայտարարել, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու էր առաջադրել Դավիթ Իշխանյանին։

Աննա Բալյան

Ի դեպ, Yerkir.am-ը դեռ 2 ամիս առաջ՝ հոկտեմբերին, քաղաքական կանխատեսում էր արել՝ Դավիթ Իշխանյանի՝ իբրև Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու առաջադրվելու մասին։  Այդ՝ 13․10․2019թ-ի հարցազրույցի տեսագրությանը՝ ստորև․