կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-13 14:21
Աշխարհ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատն երեկ՝ դեկտեմբերի 12-ին, միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը:

Ըստ Yerkir.am-ի՝  «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված փաստաթղթում, մասնավորապես, նշված է. 

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյա ազգերին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել ու ղեկավարել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն այն բանի դեմ, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգավորվել է, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով ու 1915-1930 թթ. ժամանակահատվածում  հավաքել է 116.000.000 ԱՄՆ դոլար (ըստ 2019 թ. արժեքի՝ ավելի քան 2.500.000.000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. բնորոշեց «ցեղասպանություն» տերմինը և ով կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիմքին, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության հայտնի օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ հօդս ցնդեցրեց բոլոր առարկություններն՝ վստահեցնելով. «Վերջիվերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հող նախապատրաստելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով, 

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, մինևնույն ժամանակ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, դրանց կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական անդարադարձի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, այդ թվում նաև նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակ հետապնդելով»:

Վերոնշյալն արձանագրելով հաստատում ենք, որ, ըստ օրենսդիր մարմնի, Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ այդ թվում՝ մարդասիրական օգնության հարցում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ մեր ժամանակներում իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև կապերի վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս անգամ սենատորներից որևէ մեկը վետո չդրեց այս անգամ փաստաթղթի քվեարկության վրա։