կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 19:30
Հասարակություն

Ձեր արյունը դաշնակցականների արյունից կարմի՞ր է, պարոնա՛յք․ խոստումը չկատարելու մասին

Ձեր արյունը դաշնակցականների արյունից կարմի՞ր է, պարոնա՛յք․ խոստումը չկատարելու մասին

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, ազգային հետքայլ է, նահանջ: Երևույթը ևս մեկ անգամ հաստատեց այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ դրսևորմամբ, մանավանդ թավշյա, հեղափոխություն տեղի չի ունեցել: Ավելին` թավիշի մասին եղած երազները թաղիքի վերածվեցին ու ապտակեցին շատ շատերին: Նրանց, ովքեր հավատում էին, որ «Նոր Հայաստանն» իրական է, նրանց, ովքեր հավատում էին, որ «ոստիկանը մերն է», նրանց, ովքեր հավատում էին, որ բռնությունը տեղ չունի մեր երկրում, նրանց, ովքեր հավատում էին... հավատում էին սուպերվարչապետական Հայաստանի սուպերվարչապետի ու նրա` մտավոր հաշմանդամություն ունեցող թիմի խոստումներին:

Ներողություն, եթե ձեր տոնը փչացնում եմ, ընկերներ, բայց դուք խաբեության զոհ եք դարձել: Սերժ Սարգսյանի հետ բռնությունը նմանապես «մերժած» Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանները բացահայտ բռնություն գործադրեցին մի քանի տասնյակ երիտասարդների հանդեպ, ովքեր պայքարում էին հանուն իրենց լեզվի, պատմության ու ընդհանուր մշակույթի: Բայց, եթե չեմ սխալվում, «ժողովրդի թեկնածու» կար, ով խոստանում էր, որ ոստիկաններն այլևս, իր ձևակերպմամբ` «մարդկանց քացու տակ չեն քցելու». խաբեց, փոքր երեխայի պես խաբեց բոլորին, և դրանում ոչ ոք հակառակը չի կարող ապացուցել:

«Նոր Հայաստան» ասվածը միրաժ է. բռնությունը շարունակվում է, ոստիկանն էլ, առաջվա պես, իշխանությանն է ծառայում: Թե՛ վարչապետը, թե՛ նախարարը տարբեր առիթներով հայտարարել են, որ ԿԳՄՍ-ի առաջ պահանջ դնողները քսան-երեսուն հոգի են: Լավ, թող այդպես լինի, ենթադրենք, բայց նույն վարչապետը կարո՞ղ է բացատրել` ինչու այդ քսան-երեսուն հոգու դիմաց կանգնեց նվազագույնը մի քանի հարյուր ոստիկան, ինչու գործի դրվեցին հատուկ ստորաբաժանումնները, այն դեպքում, երբ շարքերում թվաքանակով` աղջիկները տղաներին չէին զիջում: Եթե այդ երիտասարդներն այնքան աննշան էին, այնքան փոքր, որ նախարարը չէր ցանկանում «մի քանի հոգու» պահանջով հանդիպում կազմակերպել, ո՞ւմ համար էին այդքան ոստիկանները եկել, զբոսնու՞մ էին, թե՞ ահաբեկիչներ էին փնտրում. սուտ եք խոսում, պարոնա'յք, դուք վախեցել եք այդ երիտասարդներից, այո, նրանք քիչ են եղել, բայց ձեզ ոչ թե թիվն է վախեցրել, այլ` ճշմարտությունը, որն այս պահին գտնվում է նրանց ձեռքին:

Դուք պարտվել եք այս պայքարում, ավելին` բարոյապես ջախջախված եք, որովհետև ձեր նշած «մի քանի հոգու» դեմ դուրս էիք բերել համարյա ամբողջ ՊՊԾ գունդը: Դուք տասնութ-քսան տարեկան աղջիկների դեմ կարմիրբերետավորներ եք դուրս բերել, դուք վախեցել եք նաև այդ փոքրիկ աղջիկներից:

Ահա՛, կրկին ստեղծվեց մի իրավիճակ, երբ պաշտոնյան թաքնվեց ոստիկանության թիկունքում: Խոսքն այն պաշտոնյայի մասին է, ով ժամանակին մեղադրական ճառեր էր հնչեցնում Արմեն Աշոտյանի հասցեին. լռի՛ր, վարժապե՛տ, ամեն թերություններով հանդերձ, Աշոտյանը երբեք չի խուսափել երիտասարդներից, այո, նույն երիտասարդյությունը նրան հայհոյել է, բայց նա չի խուսափել նրանցից, դա փաստ է, որ բոլորդ գիտեք` ձեր կապտավարդագույն խրամատի ողջ անձնակազմով:

Դեռատի աղջնակ քաշքշող ոստիկանության այն բացատրություններն էլ, թե ամեն ինչ արվել է հասարակական կարգը վերականգնելու նպատակով, համոզիչ չէ, ներողություն, բայց ինչ-որ տեղ նաև ծիծաղ է հարուցում: Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան` գաղափարական մարմնավաճառության դրսևորումներ, որովհետև պարզից էլ պարզ է, որ նրանք ուղիղ հրահանգվում են Բարձր Դռան կողմից:

Հետաքրքիր է, ոստիկանությանը հրահանգ տալուց առաջ Բարձր Դռան խրոխտ հրամանատարը չի՞ փորձել չալ մորուքը քորելով մտաբերել 2018 թվականը, երբ ոչ միայն ԿԳՄՍ շենքը, այլև ամբողջ ՀՀ-ն էր արգելափկված, այդ ժամանակ ինչու՞ չէր գտնում, որ հասարակական կարգ է խախտվում, ինչու՞ ոստիկաններին չէր խնդրում, որ վերականգնեն հասարակական կարգը, իր շահերից չէ՞ր բխում:

Երբ մարդիկ ապօրինաբար արգելափակում էին դատարանների մուտքերն ու ելքերը` սահմանադրական կարգ տապալելով, խրոխտ հրամանատարն ու՞ր էր նայում, երեկ երիտասարդներին քաշքշող ոստիկաններն ու՞ր էին նայում, հայտնի կուլտուրայի անվամբ նախարարն ու՞ր էր նայում:

Դասականը կասեր` հիմա եկել եք այստեղ, ցույցը ցրում եք, որ ինչ անեք: Չեմ հասկանում` ձեր արյունը դաշնակցականների արյունից կարմի՞ր է, պարոնա'յք: Եթե այդպես եք մտածում, ասեմ, որ սխալվում եք, այն էլ` չարաչար: Ձեր արյան գույնն ո՞վ է տեսել, դաշնակցականներինը բոլորն են տեսել. սահմանը նաև այդ մարդկանց արյամբ է գծված:

Ուշքի' եկեք, և հենց այսօր, որովհետև վաղը կարող է ուշ լինել: Այդ ո՞վ է որոշել, որ դաշնակցականն իրավունք չունի պահանջ դնելու, ինչու՞ չունի, որովհետև ժամանակին կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հե՞տ, իսկ ո՞վ է ասում դա․ նա՛, ով տարիներ շարունակ երկիրը թալանող ՀՀՇ-ի բարձրախո՞սն է եղել. ծիծաղելի եք, պարոնայք, ծիծաղելի եք: Խորհուրդ եմ տալիս թերթել պատմության էջերը, տեսակետներ վերանայելու ժամանակն է. Սորոսի հիմնադրամի տպարանը սխալ գրականություն է հրամցնում ձեզ:

Հ.Գ. Դաշնակցակցությանը որևէ բան արգելողները երբևէ փորձե՞լ են նրանց արգելել` մասնակցելու պատերազմներին ու զոհվել հանուն հայրենիքի, թե՞ իրենց դաշնակցականի միայն մեռածն է պետք, իսկ երբ կենդանի է, պետք է հալածվի...

Ի դեպ, քաշքշվելով ու վերջին հանցագործների վիճակով բերման ենթարկված տղաներից շատերը Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներ են, սա նույնպես հաշվի առեք, որ հետո հիշեք` պատերազմի մասնակիցներին իբր «փռել եք ասֆալտին»: 

Գևորգ Գյուլումյան