կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 09:09
Առանց Կատեգորիա

Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում, բանը կարող է հասնել Արտակ Դավթյանին. «Ժողովուրդ»

Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում, բանը կարող է հասնել Արտակ Դավթյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ նախապատմություն կա մինչեւ վարչապետ Փաշինյանի երեկվա որոշումները, որոնցով աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետեւ նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը: Եւ, ահա,ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է:

Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանն, ի դեպ, սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաեւ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը;

Եվ, ահա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, Գլխավոր շտաբի պետը մեկ տեղակալ կունենա, եւ Օնիկ Գասպարյանը չի լքի այդ պաշտոնը: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն:

Դեռեւս սեպտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանություններն, ըստ ամենայնի, ցանկանում են ԳՇ պետ Արտակ Դավթյանին փոխարինել Օ. Գասպարյանով, Ա. Դավթյանին էլ նշանակել Մովսես Հակոբյանի փոխարեն՝ Զինվորական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:

Եվ, ահա, քննարկման ընթացքում նույնիսկ կարծիք է հնչել Օ.Գասպարյանին նշանակել Մովսես Հակոբյանի պաշտոնում, բայց համաձայնության չեն եկել՝ համարելով, որ Օ. Գասպարյանի պես զինվորականը չպետք է լքի զինված ուժերը: 

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ մեկնաբանություններում պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին արդյոք նոր իշխանությունների հետ` Մովսես Հակոբյանն ասել է.«Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է Պն ենթակայության տակ»:

Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. « Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, եւ ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Իսկ Մովսես Հակոբյանն ի դեպ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։