Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ. մայիս 10-12-ը Աթենքում տեղի ունեցավ ՀՅԴ Երիտասարդական միությունների համաեվրոպական խորհրդաժողովը՝ «Զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցների ու ընկերային ցանցերի հնարավորությունների օգտագործումը՝ հօգուտ Հայ Դատի աշխատանքների ու Արցախի ճանաչման» խորագրով:
Հայաստանից, Արցախից, Շվեդիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Հունաստանից մոտ 50 պատվիրակներ ներկայացրեցին մասնակից միությունների գործունեությունը, լսեցին ընկերներ Միհրան Քյուրդօղլյանի, Մուրադ Փափազյանի և Հովսեփ Տեր-Գեւորգյանի դասախոսությունները ՀՅԴ մամուլի, Հայ դատի, Արցախյան պայքարի ու տեղեկատվական պատերազմի վերաբերյալ:
Լիագումար նիստերի եւ հանձնախմբային աշխատանքների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ հայությանը և Եվրոպայի երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ:
Ժողովը արձանագրեց հետեւյալը.
– Հայաստանի և հայության ներկա վիճակը հղի է ներքին եւ արտաքին բազմաթիվ վտանգներով`ՀՅԴ երիտասարդական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, ընկերվար և ազգային արժեքներ կրող պետության կերտման գործին։ Ժողովը ողջունում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տարած աշխատանքը՝ երկրում ընկերային տարաբնույթ խնդիրների, ընկերային արդարության հաստատման, ժողովրդի կարիքների ապահովման, բնապահպանական ու այլ ուղղություններով:
– Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու եվրոպական երկրներում թուրք-ազերիական լոբբիզմի դեմ պայքարն առաջնահերթություն է ՀՅԴ երիտասարդության համար: Աշխատանք պետք է տարվի, որպեսզի թուրքական պետության կողմից մեր արդար իրավունքների հատուցման հարցը դառնա տիրական՝ հայ երիտասարդության և հայության ընդհանուր օրակարգերի համար:
– ՀՅԴ եվրոպահայ երիտասարդությունը հաստատում է, որ Ջավախքի հայության ու երիտասարդության ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է նոր թափ ստանան՝ շրջանի հայեցի դիմագիծը պահպանելու համար։
– Պետք է շարունակել Եվրոպայի տարածքում գտնվող գաղութների ու նրանց երիտասարդության կազմակերպման ու վերաշխուժացման աշխատանքը։ Հայկական իրականության և հատկապես Սփյուռքում ամենատարածուն, բազմանդամ, գաղափարական ու քաղաքականացած հայկական երիտասարդական ուժը հանդիսանալով՝ ՀՅԴ երիտասարդականը գիտակից է իր ստանձնած առաքելությանը:
– Զանգվածային լրատվամիջոցների ու ընկերային ցանցերի ճիշտ օգտագործումը կարեւոր միջոց է ՀՅԴ երիտասարդականի նպատակներն ու գործունեությունը ներկայացնելու, թշնամիների և մրցակիցների տեղեկատվական հարձակումներին և ցեխարձակումներին արձագանքելու գործում: ՀՅԴ երիտասարդականը ամեն ջանք պետք է գործադրի արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործուն ներկայություն լինելու համար այս ցանցերում։ Ժողովը շեշտեց նաև ՀՅԴ երիտասարդական պարբերաթերթերի դերը՝ մտավորական ուժի ձեւավորման գործում։
Մասնակիցները հաստատեցին, որ տարածաշրջանային նմանօրինակ հանդիպումները եվրոպահայ դաշնակցական երիտասարդությանը զինում են նորանոր գիտելիքներով և դաշնակցական սկզբունքներով՝ շարունակելու համար քրիստափորյան հարատեւ կռիվը:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակ
14.05.2019