Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը, որն իր աշխատանքներն սկսել էր 2016 թ. Օգոստոսի 22-ին Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում, աւարտուեց օգոստոսի 28-ին։
Բանակումին մասնակցում էին 13 երկրներից 65 երիտասարդներ, այդ թվում ՀՅԴ Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջանների երիտասարդական միութիւնների անդամներ։
Եօթօրեայ բանակումի ծրագիրը բաւականին յագեցուած էր՝ դասախօսութիւններ, քննարկումներ, խմբային աշխատանքներ, մրցոյթներ, այցելութիւններ, խնջոյք, ժամանց։
Բանակումի ընթացքում մասնակիցները դասախօսութիւններ ունկնդրեցին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, Արցախի հակամարտութեան բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակից յետոյ ՀՅԴ երիտասարդական միութիւնների անելիքների, Հայաստանի և հայութեան առաջնահերթ խնդիրների, հանրային կարծիքի ձևաւորման գործում ընկերային ցանցերի դերի, Կիպրահայ համայնքի անցեալի ու ներկայի և Կիպրոսում ՀՅԴ ներկայութեան վերաբերեալ։
Դասախօսութիւններից յետոյ մասնակիցները բաժանուելով խմբերի կատարեցին քննարկումներ և իրենց տեսակէտներն ու առաջարկները արծարծուած նիւթերի վերաբերեալ ներկայացրին բանակումի վերջին օրը։
Տեղի ունեցան մտային ու մարզական մրցոյթներ։ Առաջացաւ ընկերական ջերմ մթնոլորտ։
Կիպրոսում գտնուելու առիթն օգտագործելով մասնակիցները այցելեցին Աֆրոդիտէի ծննդավայր, Բլադրես զբօսաշրջային գիւղ, Նիկոսիայի ՀՄԸՄ-ՀԵՄ կենտրոն, ծանօթացան հայ համայնքի հետ։
Բանակումի փակման խօսքով, ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի անունից, հանդէս եկան ընկեր Յակոբ Մանուկեանը և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։
Ընկեր Յակոբ Մանուկեանը նշեց, որ մէկ տասնեակից աւելի երկրներից 65 երիտասարդների մասնակցութեամբ բանակումը Կիպրոսում լուրջ ձեռքբերում է, բարի ճանապարհ մաղթեց մասնակիցներին և պատրաստակամութիւն յայտնեց նմանատիպ միջոցառմումներ կրկին հիւրընկալել Կիպրոսում։
Ընկեր Սարգիս Մկրտչեանն իր խօսքում նշեց, որ «Հայրենիքը մէկն է, չկայ երկրորդը։ Հայութեան ներկայիս վիճակն անբնական է, հետևանք դառն ճակատագրի։ Ուստի Հայաստան և Սփիւռք ձեռք ձեռքի տուած պիտի կերտեն հզօր հայրենիք։ ՀՅԴ երիտասարդական միութիւնների պարտականութիւնն է ամէն ջանք թափել այդ նպատակին հասնելու համար»։
Բանակումի մասնակիցները օգոստոսի 28-ին մասնակցեցին Նիկոսիայի ՀՄԸՄ-ՀԵՄ կենտրոնի մէջ կազմակերպուած ճաշկերոյթին։
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ,
Կիպրոս, Թրոդոս
29 օգոստոս, 2016 թ.