Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:
Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին։
«Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, որոնք կողմ են արդարությանը, ազատությանը: Կողմ են, որ հանցագործը հատուցի ու պատժվի: Կեցցե՛ Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- ելույթում ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։
«Հանձին Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ամբողջ ժողովրդին: Մենք խոր համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջակետին է հասնելու: Ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի և բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ: Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որևէ երկրում չկրկնվի»,- նշել է տեր Տաթև քահանա Մարուքյանը։
Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով և հայրենասիրական երգերով։
Հավելենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նամակ է պատրաստել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն ուղարկելու համար, որում շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Նամակում նշվում է. «Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է եւ ոգեւորված, եւ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին՝ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունն ընդունելու եւ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու՝ իր պատմական որոշման համար: № 296 բանաձեւը համարձակ քայլ է դեպի ճշմարտություն եւ պատմական արդարություն, քայլ, որը կարեւոր է ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում զանգվածային բռնությունները կանխելու համար: Ժամանակին կատարված քայլ, որովհետեւ քանի դեռ կա թուրքական վտանգը, չի բացառվում ցեղասպանության կրկնությունը, որի վառ օրինակը ներկայումս սիրիական քուրդերի զանգվածային սպանություններն են: Մենք շատ շնորհակալ ենք 405 քվեներից յուրաքանչյուրի համար, առանձնահատուկ շնորհակալություն՝ Ադամ Շիֆին, քանի որ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կարեւոր է, որ ցեղասպանությունը ճանաչվի պաշտոնապես»:
Փաստաթուղթը, որը պարտադրող ուժ չունի, արձանագրում է`Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը: