Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հավսա՛ր, զգա՛ստ։ Ուշադրություն. պատիվ ունենք մեր զորամասի հարկի տակ հյուրընկալելու մտավորականների և գիտնականների, որոնք զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում։ Այժմ դեպի դահլիճ՝ նրանց հետ հանդիպման». շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Արցախի Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում դարձյալ հնչեցին այս խոսքերը, և զինվորները դարձյալ տեղավորվեցին զորամասերի սրահներում՝ քննարկելու այս կամ այն մտավորականի, գիտնականի կամ մշակույթի գործչի հետ վաղօրոք ընտրված թեմաները։
Ծրագրի մեկնարկը, ինչպես միշտ, տրվեց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ կայացած հանդիպմամբ։ Հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ նրա առաջին հանդիպումը տպավորիչ էր, և նախորդ նախարար, գեներալ Մնացականյանի հետ հաստատված տևական մտերմությունը, կարծես, իներցիոն ուժով շարունակվեց նաև նոր հրամանատարի հետ։
Մտավորականները, որոնց շարքում, ինչպես միշտ, ներկա էին ավելի քան տասնամյա ծրագրի անդավաճան երախտավորներ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, նույն հիմնարկների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի պատմության պետական թանգարանի ներկայացուցիչները և այլք, հանդես եկան բանակաշինությանն առնչվող հարցերով և առաջարկություններով:
ՊԲ հրամանատար Կ. Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի ընթացքը, կարևորությունը, որոշ նոր առաջարկներ և նախաձեռնություններ։ ՊԲ հրամանատարի հետ հանդիպման արդյունքում արձանագրվեց նաև, որ սույն ծրագիրը լիովին արդարացրել է իրեն՝ վերածվելով բանակային առօրյայի մի մասնիկի:
Հաջորդ կանգառն արդեն, ինչպես նշեցինք, Արցախի ՊԲ զորամասերում էր, որտեղ զինվորների առօրյան հարստացավ հետաքրքիր նյութերի շուրջ քննարկումներով և անգամ՝ բանավեճերով։
Հյուրերը դատարկ ձեռքով չէին ներկայացել. զինվորներն ու սպաները ստացան հայագիտական բազում գրքեր, հանրամատչելի այլ հրատարակություններ, ամսագրեր, զինվորականի առօրյան առավել հետաքրքրական դարձնող այլևայլ նյութեր։
Վահե Սարգսյան
Ծրագրի մասնակից, Ստեփանակերտ-Երևան