Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական մեդիայի և ֆեյք նյուզի մեր աշխարհում կարևոր է հենց տեղում ծանոթանալ Արցախում տեղի ունեցողին. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քվեբեկի ԱԺ պատգամավոր Գայ Ուելետը, որն Արցախ էր եկել ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու:
- «Պրո Արցախ» շարժումն սկսված է՝ դուք ընդունել եք հռչակագիրը. ի՞նչ գործնական քայլերով եք առաջիկայում համագործակցելու Արցախի հետ:
- Սա իմ առաջին այցն է. Արցախն ինձ համար նախ և առաջ բացահայտում էր: Մեծ հայկական համայնք կա Քվեբեկում, ես այստեղ եմ եկել՝ ականջալուր լինելով այդ մարդկանց ուղերձներին, որոնք ինձ տեղեկացրել են արցախյան իրավիճակի մասին: Ես այստեղ շատ գեղեցիկ բաներ տեսա: «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովը համարում եմ խիստ կառուցողական՝ տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր գտնելու առումով:
Դուք գիտեք, որ Կանադան խաղաղության երկիր է: Սա մի համաժողով էր, որտեղ շատ էին խոսում հանուն արդարության և հանուն խաղաղության համագործակցության մասին: Այս այցը հնարավորություն տվեց հենց տեղում ծանոթանալու Արցախում տեղի ունեցողին, ինչը խիստ կարևոր է սոցիալական մեդիայի և ֆեյք նյուզի մեր աշխարհում:
- Իսկ ի՞նչ կարծիք կազմեցիք Արցախի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հակամարտության կարգավորումը:
- Մեծ հաճույք էր հանդիպել Արցախի Հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, ես շատ ջերմություն տեսա նաև իմ շրջապատի մարդկանց մեջ: Մեզ մոտ՝ Կանադայում էլ, հայ համայնքը շատ ջերմ է, և Արցախի հայերի, Երևանի հայերի շրջապատում ինձ իմ տանն եմ զգում:
Ժողովրդավարությունը շատ կարևոր է, արդարության նպատակն է ծառայել ժողովրդին, բնակչությանը, և պետք է ջանքեր գործադրենք, որ արդարության միջոցով կարողանանք նպաստել երկրում խաղաղության հաստատմանը, որպեսզի այստեղ էլ այնպիսի խաղաղություն տիրի, ինչպիսին իմ երկրում է, և բոլոր արցախցիներն ապրեն ամենօրյա խաղաղության մեջ:
- Հայկական հարցին ի՞նչն է Ձեզ կապում, ի՞նչն է ներշնչում, որ լինեք Հայ Դատի, Արցախի ժողովրդի կողքին:
- Մենք՝ Կանադայում, ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլին հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ շեշտելով, որ Ցեղասպանություն եղել է, և դա պատմական փաստ է: Կան մարդիկ, որ հակառակն են պնդում, բայց փաստերը շատ խոսուն են:
Քվեբեկում ամեն տարի միաձայն ընդունվում է առաջարկը, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
- Դուք ունեք բազմաթիվ հայ ընկերներ, վստահաբար նաև հետաքրքիր իրավիճակներում եք հայտնվել՝ նրանց մասնակցությամբ. խնդրում եմ՝ մեկ պատմություն պատմեք:
- Հայերի հետ շփվել եմ իմ առաջին ընտրությունների ժամանակ՝ 12 տարի առաջ: Ես միշտ հայերի մոտ զգացել եմ և այստեղ՝ Արցախում էլ զգում եմ բացսրտություն, այդ ջերմությունը մարդու հանդեպ, որը տպավորիչ է, որով նշանավորվում են իմ առաջին շփումները հայերի հետ: