Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
50-ամյա Ռուբեն Մկրտչյանը ընտանիքի օրվա հացի փողը վաստակում է` ժամացույց նորոգելով ու բանալիներ սարքելով: Բայց մի քանի օր առաջ նամակ է ստացել, որ իր` Նոր Նորքում գտնվող կրպակը պետք է ապամոնտաժվի. «Թուղթ է եկել` առանց կնիքի, առանց ժամկետի: Մի քանի օր առաջ էլ եկան, ասեցին, թե ամսի 13-ին պիտի վերանա: Վախեցնում են, սթրեսի մեջ են գցում»: Հարցին, թե այդ կրպակի միջոցով ամսական ինչքա՞ն գումար է վաստակում, պատասխանում է. «Քուրի'կ ջան, գալիս են թոշակառուներ, լինում է` գործը ձրի ես ասնում, «նիսյա» ես անում: Բայց, փառք Աստծո, մի օրվա հացը վաստակում ենք: Էդ էլ որ չլինի, չի լինի»:
Ռուբենն էլ մյուս կրպակատերերի հետ կառավարության շենքի մոտ սպասում էր ղեկավարներից որեւէ մեկի մի դրական խոսքին: Նրանք բոլորն էլ զարմանում են, թե ինչո՞ւ պիտի իրենց կրպակները ապամոնտաժվեն, եթե իրենք վճարել են բոլոր հարկերը, ունեն բոլոր փաստաթղթերը` օրինական գործելու համար: Ռուբենն ասում է, թե իր կրպակի միակ «դեֆեկտն» այն է, որ այն երկաթե թիթեղից է: Ինքը ցանկացել է քարից սարքել, սակայն քաղաքապետարանը համապատասխան թույլտվությունը չի տվել:
Գայանե Դավթյանը պատմում է, որ Դավիթաշենում գտնվող իրենց կրպակի ապամոնտաժման մասին ծանուցում ստացել են սեպտեմբերի 14-ին: Այն թվագրված է եղել սեպտեմբերի 1-ով ու նշված է եղել, որ յոթ օրվա ընթացքում պետք է ապամոնտաժել. «Ամիս-ամսաթիվ էլ նշված չէ, կարող է վաղն առավոտյան գան, ասեն, որ յոթ օրվա տեղը 14 օր է անցել արդեն: Ես երեք տարեկան երեխային ի՞նչ պիտի ասեմ, եթե չաշխատենք: Վարձով ենք ապրում, օրվա հացը հազիվ վաստակում ենք էդ կրպակով: Չի լինի, որ միանգամից հանեն ու ասեն` մի ապրեք»:
Կառավարության նիստից հետո կրպակատերերը հավաքվեցին ՀՀ ոստիկնապետ Ալիկ Սարգսյանի շուրջը` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, ինչպես նաեւ իրենց` կարմիր բերետավորներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են կրպակների ապամոնտաժման գործին ու քաշքշում կրպակատերերին: Ոստիկանապետը հավաքվածներին հորդորեց չվախենալ նրանցից. «Կարմիր բերետավորները բոբո ձյաձյա չեն: Դուք մի վախեցեք, դուք ձեր քաղաքացիական իրավունքին վերաբերող հարցերով ոչ ոստիկանից վախեցեք, ոչ էլ որեւիցե մեկից: Իմ ոստիկանը հայտնվում է էն պահին, երբ երկու քաղաքացիներ իրենց հարաբերությունները ճշտելիս անցնում են հայհոյանքի կամ տուրուդմբոցի: Մի' վախեցեք, խնդրում եմ, կարմիր բերետավորներից, դուք ինձանից էլ չպիտի վախենաք, ես ո՞վ եմ, որ ինձանից վախենաք»:
Իսկ ինչ վերաբերում է կրպակների ապամոնտաժման հարցին, ոստիկնապետը նշեց, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում, կրպակատերերը պետք է դիմեն կա'մ կառավարություն, կա'մ էլ քաղաքապետարան. «Ես ձեր կրպակները ապամոնտաժողը չեմ, լոմը տակը գցող չեմ, ոչ էլ հանողն եմ, ոչ էլ իմ ոստիկաններն իրավունք ունեն մի լապատկի ձեռ տան»:
Զրույցի վերջում Ա. Սարգսյանն ասաց, թե խոսել է քաղաքապետի հետ. «Ես քաղաքապետին ուղղակի մի բան եմ խնդրել, որ էս հանված կրպակները գոնե մի տեղ տեղադրենք, ոչ արգելված տեղ լինի: Կամ ինչ-որ կառույց հատկացնեն, որ մարդիկ գնան, իրենց առեւտուրն անեն: Ընենց չի, որ քաղաքապետարանը որոշել է կրպակները հանել, հետո անտեր-անտիրական թողնել դրսում: Գիտեմ, որ հատկացում լինելու է, բայց թե որտեղ` չգիտեմ»: