Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշել է՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։
«Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», – ասել է Մհեր Գրիգորյանը. «Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»:
Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար:
Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։
«Ընկերության ավելի էֆեկտիվ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև հայկական «Գազպրոմի» շահերից: Ըստ այդմ՝ պատրաստակամություն հայտնվել է նման»,- նշել է փոխվարչապետի պաշտոնակատարը: