Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում «իրավիճակի» փոխվելուց հետո մի խումբ արկածախնդիրներ, օգտվելով առիթից, ցանկանում են իրավիճակ փոխել նաև Հայ առաքելական եկեղեցում: Աղանդավորների ահագնացող թիվը մեզ կարծես բավարար չէր՝ ըստ այսօր մամուլում տեղ գտած հրապարակման՝ 350 հազար, մեկ տարուց ավելի է՝ գլուխ են բարձրացել մի քանի կարգալույծ եղած հոգևորականներ ու նոր հայրապետի պահանջ են ներկայացնում: Նրանց գործողությունները հատում են լկտիության բոլոր սահմանները՝ շրջափակում են կաթողիկոսին, խոչընդոտում նրա տեղաշարժին, ցույցեր անում Սուրբ Աննա եկեղեցու բակում: Երեկ էլ հրապարակում էին տեղադրել, թե իբրև դպրական ու սարկավագական «ձեռնադրություն» են կատարել, վարդապետական աստիճաններ շնորհել Գեղարքունիքում գտնվող Մաքենյացի եկեղեցում: Այս ամենին զուգահեռ՝ օրեր առաջ էլ BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված էր հրապարակել, որում համոզում էր, թե ավանդական ու ամենահին եկեղեցին պառակտման եզրին է:
Մաքենյաց վանքում տեղի ունեցած միջադեպի մասին Yerkir.am-ին ՀԱԵ Գեղարքունյաց թեմից հայտնեցին, որ կարգալույծ հռչակված և աշխարհականների շարքը դասված Արմեն Առաքելյանը և Ղազարոս Կյուրեղյանը, բացելով Մաքենյաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու դռան փականը, հակականոնական ծիսակատարություն են կատարել, այնինչ՝ ծեսի կատարման իրավունքը վերապահված է բացառապես եկեղեցական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականին:
«Նրանց այսօրինակ արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրբապղծություն և հոգևոր հանցագործություն։
Իրավական առումով տեղի ունեցածը դիտարկելով ներխուժում և զավթում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ պատասխանատվության ենթարկել վերոնշյալ անձանց, որոնք հայտնի են իրենց հակականոնական ընթացքով, նախորդիվ դրսևորած դատապարտելի վարքագծով և գործողություններով»,- ընդգծեցին թեմից ու հավելեցին՝ տեղի ունեցածը խաթարում է նաև Տիրախնամ թեմի հոգևոր-եկեղեցական կյանքը, որի պատասխանատվությունը կրում են հիշյալ անձինք:
Կարգալույծ հոգևորականները կրոնագիտական տեսանկյունից շնորհազուրկ են, հետևաբար՝ «Նոր հայաստան, նոր հայրապետ» շարժման «ձեռնադրություններն» անվավեր են: Գեղարքունյաց թեմի հաղորդագրությունը լրացնում է կրոնագետ Հայկ Հակոբյանն ու ընդգծում՝ Ռուսաստանի ու հակաեկեղեցական որոշ այլ շրջանակներ փորձում են «այլընտրանքային» կառույց ստեղծել: Շեշտում է՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հնչող մեղադրանքները բավականին անհիմն են, նաև չի բացառում՝ ինչ-որ միջանձնային խնդիրներ կարող են լինել՝ կա՛մ Վեհափառ հայրապետի, կա՛մ Եզրաս սրբազանի հանդեպ ունեցած հակակրանքը կարող է որպես գործոն հանդես գալ:
Հակոբյանը փարատում է մեր մտավախությունը՝ Հայ առաքելական եկեղեցին ծանր օրեր չի ապրում, թեև փորձում են իրավիճակը դրան հասցնել: Հենց դրա հետ կարող է կապված լինել BBC-ի նպատակաուղղված, ինչ-որ խմբի կողմից համակարգվող հրապարակումը: «Ամերիկյան Պետդեպն ու միջազգային որոշ կազմակերպություններ միտահոգություն են հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին չափից դուրս մեծ դեր է խաղում հայ ժողովրդի կյանքում, մեր եկեղեցուն մեղադրել են պետության հետ սերտաճման մեջ: Այս ամենի համադրումն էլ հենց գալիս է ապացուցելու, որ BBC-ի անդրադարձը պատահական չէ»,- ասում է կրոնագետը:
Հակոբյանն ահազանգում է, որ Ռուսաստանում կարող է կրոնական այլընտրանքային կառույց ստեղծվել, բայց աստվածաբանական տեսանկյունից այն մեր եկեղեցու կողմից որպես աղանդ պետք է ճանաչվի, քանի որ հակականոնիկ է:
Հիշեցնենք, որ եկեղեցու դեմ դուրս եկածները վրջին մեկ տարվա ընթացքում բավական ակտիվ գործունեություն են ծավալում հենց Ռուսաստանում: Նրանց առաջին ապօրինի գործողությունը կատարել են Ռուսաստանի Սարով քաղաքում, երբ նոր կառուցված եկեղեցին արկածախնդիրները ցանկանում էին իրենցով անել ու չհանձնել ՀԱԵ խնամքին:
Դառնալով մամուլում այսօր հրապարակված՝ աղանդավորների թվի մասին լուրին՝ Հայկ Հակոբյանը հանգստացնում է՝ հրապարակումը փոքր-ինչ խստացված է: «Ներկայացված՝ 350 հազար աղանդավորից 180-200 հազարը կաթոլիկներն են, նրանք աղանդ չեն: Բացի այդ՝ եթե նայեք կրոնական կազմակերպություններում գրանցված մարդկանց թվին ու համադրեք, ապա աղանդավորների թիվը չի գերազանցի 100 հազարը»,- ասում է նա:
Հայ առաքելական եկեղեցու դեմ կազմակերպված ցանկացած բռնություն և ոտնձգություն պետք է որպես դավաճանություն ընկալվի, որովհետև դարեր շարունակ հենց Հայոց եկեղեցին է պահել մեր պետությունն ու մեր գիրը: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա Yerkir.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ վերջին շրջանում ոչ միայն Հայոց եկեղեցու, այլև Հայոց բանակի, հայ ընտանիքի և այլ ազգային արժեքների դեմ են ոտնձգությունները շատացել:
«Մենք իրավունք չունենք ոտնահարելու այն, ինչը դարեր շարունակ պահպանել է մեզ: Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև հայկական բանակը, մեր պետության հիմնասյուներն են, և դրանց դեմ կատարված ցանկացած քայլ պետք է որպես դավաճանություն որակվի: Ինձ համար մինչ այժմ էլ անհասկանալի ու անընդունելի էր այն, որ կառավարությունը մերժեց պատգամավորների կողմից ներկայացված օրինագծերը, որոնք ուղղված էին Վեհափառի ու եկեղեցու պաշտպանությանը, ինչպես նաև երեխաներին ամեն տեսակի վնասակար քարոզչությունից պաշտպանելուն»,- շեշտեց նա:
Հիշեցնենք՝ կառավարությունը Աճեմյանի համահեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրինագիծը մերժել էր: Նախագծով նախատեսվում էր, բացի պետական այրերից, ապահովել նաև կաթողիկոսի անվտանգությունը:
Նախկին պատգամավորը շեշտում է՝ առհասարակ, մեր եկեղեցին պաշտպանում է մեզ, և դա մենք պետք է հստակ հասկանանք, հետևաբար, անհասկանալի էր, որ պատգամավորների նախաձեռնությունները մերժվեցին, իսկ մերժման հիմնավորումները բացարձակապես համոզիչ չէին: Հիշեց՝ կառավարության նիստի ժամանակ իրենց նախաձեռնությունը հրճվանք ու ծիծաղ առաջացրեց: «Ցավում եմ կառավարության այն անդամների համար, որոնք այդպիսի վերաբերմունք ունեն եկեղեցու, իրենց ազգի ու ազգային արժեքների նկատմամբ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Նշենք, որ վերոնշյալ տխրահռչակ նախաձեռնության անդամները «նոր» Հայաստանում բավական նշանակալի պաշտոններ են ստացել: Նրանցից մեկն, օրինակ՝ Կարեն Պետրոսյանը, նշանակվեց տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ: Բացառված չէ, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող այդ մարդիկ հստակ ուղղորդում ունենան, քանի որ հակառակ պարագայում ոչ թե պաշտոն կստանային, այլ կպատժվեին: Կրոնագետ Հակոբյանն, օրինակ, նման մարդկանց բանադրելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ նրանց քայլերը եկեղեցու պառակտմանն են տանում: