Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 26-ին Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունից հետո բանակցային գործընթացը սրընթաց զարգացումների փուլ է մտել, որն ուղղված է հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կարգավորման հիմնարար սկզբունքներն ընդունելուն կամ դրան միտված նշանակալի առաջընթաց ապահովելուն:
Դովիլի հայտարարությունը Բաքուն չափազանց սառը ընդունեց` բացահայտ ցույց տալով իր անբավարարությունը: Սակայն այդ վերաբերմունքը կտրուկ մեղմացավ արտգործնախարար Մամեդյարովի` Վաշինգտոնում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն արդեն հայտարարում էր. «Հաշվի առնելով Դովիլի հայտարարությունը՝ կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կարող են դրական քայլեր ձեռնարկվել»:
Դժվար է ասել` այս ամենն իսկապե՞ս Բաքվի դիրքրոշումների իրական փոփոխության արդյունք է: Փաստն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ արտաքին ճնշումները վերջին երկու ամիսներին աննախադեպ դրսևորումներ են ստացել` կապված թե՛ ներքին խնդիրների, թե՛ ռազմատենչ նկրտումները զսպելու հետ: ԱՄՆ-ն ուղղակիորեն քաջալերեց Բաքվում սկսված հասարակական խռովություններն ու իշխանությունների դեմ ընդդիմության ձեռնարկած բողոքի ակցիաները, իսկ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որով Ադրբեջանի իշխանություններին մեղադրում էր երկրում տարրական ժողովրդավարական նորմերը ոտնահարելու մեջ:
Իսկ երկու օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ պլանավորման պետ Անդրեյ Տրետյակը հայտարարեց՝ «ՀԱՊԿ-ը կարող է առավել կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում», և որ Հայաստանը հակամարտության մեջ մտնելու պարագայում, ՌԴ-ն կկատարի իր ստանձնած պարտավորությունն այդ համատեքստում:
Ահա այս ամենի ֆոնին Ադրբեջանի իշխանություններն սկսեցին մադրիդյան սկզբունքներն իրենց ժողովրդին մատուցել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջակության վերականգնման աննախադեպ հնարավորություն: Չի կարելի բացառել, որ ռազմական գործողություններին դիմելու հարցում միջազգային հանրության միանշանակ մերժումն ստանալուց հետո, Ալիևի վարչակազմը ստիպված անցել է հասարակությանը Կազանում հնարավոր անցանկալի զարգացումներին նախապատրաստելու և դրանք իր համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու գործին:
Արտգործնախարար Մամեդյարովը երկու օր առաջ հայտարարեց, թե արդեն համաձայնեցվել է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների շրջանակը, և որ դրանք չեն լինելու ո'չ տարածաշրջանի և ո'չ էլ միջնորդ երկրների զինված ուժերից:
ՄԽ համանախագահները և Երևանը այս հայտարարությանը պաշտոնապես դեռ չեն արձագանքել: Ընդամենը անհասցե տեղեկություն է տարածվել, թե այս փուլում ընդհանրապես խաղաղապահների ձևաչափի հարց չի քննարկվում: Մինչդեռ սա կարևոր և նուրբ պահ է: Խաղաղապահների ձևաչափի հարցը ուղղակիորեն միջնորդների շահերին առնչվող խնդիր է: Եթե Մամեդյարովը չի ստում, ապա դա նշանակում է, որ միջնորդներն այդ հարցում եկել են կոնսենսուսի, և գուցե գործընթացների արագացման գլխավոր պատճառը հենց դա է:
Իսկ եթե այդպես չէ, ուրեմն Բաքուն փորձում է, հակասություններ հրահրելով, վիժեցնել Կազանում որևէ փաստաթղթի ստորագրումը: Սակայն միտումնավոր, թե ոչ՝ համանախագահներն այս հարցին չեն անդրադառնում: Ավելին, նրանք սկսել են ավելի բաց տեքստով խոսել հակամարտության կարգավորման լուծումների մասին, որոնք չեն տեղավորվում Ադրբեջանի քարոզչության շրջանակներում:
Օրերս մի հարցազրույցում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է. «Հատուկ կարգավիճակը չպետք է նշանակալից տարբերություն ունենա այն կարգավիճակից, որն այս պահին ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի ժամականակավոր կազմավորման միջազգային ճանաչումը»: Այլ կերպ ասած` Մադրիդյան սկզբունքներն ընդունելուց հետո միջազգային հանրությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո, իսկ իրականում դե յուրե անկախ կարգավիճակը` որպես միջանկյալ լուծում, մինչև պլեբիսցիտի միջոցով վերջնական կարգավիճակի որոշումը: Սա ուղղակիորեն հակադրվում է Դովիլի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե ԼՂ-ի կարգավիճակը որոշվելու է «Ադրբեջանի շրջանակներում»:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ