կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 15:24
Հասարակություն

Ազգագրության ինստիտուտն ու «Բնօրրան»-ը համատեղ ուժերով են բացահայտելու Քարահունջի առեղծվածը

Ազգագրության ինստիտուտն ու «Բնօրրան»-ը համատեղ ուժերով են բացահայտելու Քարահունջի առեղծվածը

«Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել` Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ: Այս մասին կողմերը հայտնեցին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր կարծիքով` Քարահունջը, որտեղ կան 200-ից ավելի քարեր, որոնցից 80-ն անցքեր ունեն, հնագույն աստղադիտարան է, որն ուսումնասիրել, հետազոտել է Պարիս Հերունին, իսկ մինչ նա` նման կարծիքներ են հայտնել այլ մասնագետներ: Մյուս տեսակետի համաձայն` Քարահունջն աստղադիտարան չէ: Այն ընդամենը հնավայր, բնակավայր է, որը դամբարանի կարգավիճակ ունի»,- նշեց «Բնօրրան»-ի խորհրդի անդամ Արևիկ Սարգսյանը:

Իսկ ըստ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և «Քարահունջ» պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի` պեղումների արդյունքում այնտեղ աստղադիտական որևէ գործիք չի գտնվել, քարերի մի մասը անցքեր ունեն նաև ներքևի հատվածում, ուստի դրանք ուղղված չեն աստղերին:

Փիլիպոսյանը շեշտեց, որ հուշարձանը եզակի է Անդրկովկասում: «Այն ուսումնասիրության կարիք ունի բոլոր առումներով: Մեր համաձայնագրի ստորագրման ժամանակ շատ հարցեր ենք քննարկել, նույնիսկ մտածել ենք այն մասին, որ գուցե ապագայում հնարավոր լինի հուշարձանի մոտ կառուցել թանգարան, և այն բոլոր նյութերը, որոնք կան հնավայրի վերաբերյալ, ներկայացնել այնտեղ»,- ասաց նա:

Երկու կողմերի համաձայնությամբ` Քարահունջում դադարեցվել են պեղումները, որպեսզի աստղագետների, հնաստղագետների, հնագետների, բնագետների, երկրաբանների, ծիսագետների, տոմարագետների, ազգագրագետների և այլ մասնագետների հետ համատեղ գիտաժողով անցկացվի, հետազոտություններ իրականացվեն, մշակվի ծրագիր և դրա շուրջ ծավալվի աշխատանք, որը, ի վերջո, ընդհանրական եզրակացության կհանգեցնի կողմերին:

Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ) նախապատմական մեգալիթյան կառույց է: Այն «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է: Մի շարք գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ մեգալիթյան կառույցը աստղադիտարան է: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանաշերտ է:

 Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև: