կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 15:23
Քաղաքական

Մակունցն ու Վարդանյանը զարմացած են ԲԴԽ դատավորի «ուշացած երդմնակալությունից»

Մակունցն ու Վարդանյանը զարմացած են ԲԴԽ դատավորի «ուշացած երդմնակալությունից»

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԲԴԽ նոր անդամի մասին տեսակետ հայտնել չի կարող, քանի որ իրավաբան չէ, բայց տարակուսած է մամուլի` երեկվա ու այսօրվա մամուլի հրապարակումներից,  քաղաքացիական հասարակության, քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններից հետո:

«Ինձ համար իսկապես մտահոգիչ է», - ասաց նա ու բավական ուշագրավ հայտարարություն  արեց. «Վեթինգի գործընթացի իրականացման համար պատասխանատու ԲԴԽ-ն առաջինը հենց ինքը պետք է վեթինգի ենթարկվի` անկախ նրանից, թե անդամներն ում կողմից և երբ են առաջադրվել»:

Լրագրողների ճշտող հարցը` եթե դատավորների վեթինգ իրականացնողը ԲԴԽ-ն է լինելու, ապա ո՞վ է զբաղվելու ԲԴԽ անդամների վեթինգով, Մակունցը հասցեագրեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Նա էլ նախ վեթինգի ակունքներից եկավ` հիշեցնելով, որ դա պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացնել պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնյաների նկատմամբ։ Դառնալով բուն հարցին` Վարդանյանը նշեց. «Այո, հնարավորություն կա, որ այդ վեթինգի գործընթացը իրագործող մարմինը շարունակի գործել ինքնամաքրման ճանապարհով: Սա եզակի դեպք չէ»:

Նա նաև պատմական ակնարկ կատարեց, թե ինչպես է ձևավորվում ԲԴԽ-ն ԱԺ-ի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նաև նշեց, որ խորհրդարանում ԲԴԽ անդամի այնպիսի թեկնածուներ են փորձել ներկայացնել, որոնք վայելում են թե՛ իրենց, թե՛ խորհրդարանական մյուս երկու ուժերի աջակցությունը:

Վարդանյանը հավաստիացրեց, որ խորհրդարանական ուժերը որևէ եղանակով իրավունք չունեն  միջամտելու Դատավորների ընդհանուր ժողովի աշխատանքներին,  քանի որ դա կարող է սահմանադրական մի շարք նորմերի խախտում համարվել:

Ինչ վերաբերում է երեկ ԲԴԽ-ում տեղի ունեցած` Նաշխուն Տավարացյանի ընտրությանը, ապա Վարդանյանը ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց` բացատրելով, որ եթե օրենքով սահմանված կարգով է իրականացվել, պետք է հարգել: Այնուամենայնիվ, նշեց` զարմանալի էր մեկ տարի անց երդմնակալության արարողություն կազմակերպելը, ու դա այն պարագայում, երբ  Տավարացյանը նախկինում, կարծես, հրաժարականի դիմում էր գրել: «Այդ դիմումը մնացել է անհետևանք։ Անհասկանալի միջադեպ է, ու գուցե բավական լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից թեկնածու առաջադրելուն, Լիլիթ Մակունցը նշեց, որ անցած տասնօրյա ժամկետում մտադիր էին թեկնածու ներկայացնել, սակայն չի ստացվել, հետևաբար` հաջորդ տասնօրյակում կփորձեն առաջադրել: Նա նշեց նաև, որ մի թեկնածու արդեն ունեն «աչքի տակ», եթե նա համաձայնի, ապա կներկայացնեն: ԲԴԽ անդամի ընտրությունը կլինի ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ: