ՀՀ Ազգային ժողովը երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և նրան աջակցող գրասենյակ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր, որ առաջարկվում էր վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:
Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԲՀԿ-ի կողմից ներկայացվել է 5 առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է ներկայացուցչի պաշտոնը ստեղծել որպես վարչապետին կից պետական վարչական պաշտոն, ներկայացուցիչ նշանակվելու համար 25 տարեկանի նվազագույն շեմը դարձնել 30 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է նաև ներկայացուցչի համար սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ և սահմանել, որ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն ՀՀ քաղաքացին:
Տարիքային շեմի առաջարկն ընդունվել է: Ասատրյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկին, որ ներկայացուցիչը լինի վարչապետին կից, միայն վարչապետին հաշվետու լինի, այլ ոչ աշխատակազմին: Նա նշեց, որ օրենքի 12-րդ հոդվածում այդ գաղափարը դրել են: Ըստ դրա՝ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչ առաջին եռամսյակի ավարտը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին: Ասատրյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ սահմանել պետք չէր, քանի որ առավել նեղացնում են այն հնարավորությունները, սակայն առաջարկն ընդունվել է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց իր նկատառումներն ու անհամաձայնությունը ԲՀԿ-ի տարիքային շեմի առաջարկի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օրենքով ամրագրել այն, ինչը հաստատել է հանձնաժողովը:
Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենց առաջարկությունները միտված են եղել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պետք է ունենա ստաժ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, օրենքն իրոք նպատակահարմար է: «Արդարադատության նախարարությունն իրոք զբաղվում էր խնդրով, բայց զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Շատ դեպքերով ծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում ՄԻԵԴ-ում հնարավոր չէր ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին: Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք»,-ասաց նա: