կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 14:15
Մշակույթ

«Պատմութիւն վասն ազգի նետողաց» գրքի պարսկերէն թարգմանութեան հրատարակութեան շնորհանդէսը՝ «Նայիրի» հրատարակչութեան կենտրոնում

«Պատմութիւն վասն ազգի նետողաց» գրքի պարսկերէն թարգմանութեան հրատարակութեան շնորհանդէսը՝ «Նայիրի» հրատարակչութեան կենտրոնում

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ՝ յուլիսի 8-ի երեկոյեան, «Նայիրի» հրատարակչութեան կենտրոնում տեղի ունեցաւ 13-րդ դարի պատմաբան Գրիգոր Ակներցու «Պատմութիւն վասն ազգի նետողաց» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը: Գիրքը հետագայում կոչւել է նաեւ «Պատմութիւն թաթարաց»:

Պատմա-փաստագրական գիրքը պարսկերէնի է թարգմանել Իրանահայ գրողների միութեան վարչութեան նախագահ եւ թարգմանիչ Գարուն Սարգսեանը: Գրքի շնորհանդէսի բանախօսներ էին՝ Թեհրանի Պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի դասախօս դոկտ. Գուդարզ Աշթիանին եւ «Ալիք» կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը:

Նախ գրքի հրատարակիչ «Նայիրի» հրատարակչութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը ողջունելով հիւրերին, անդրադարձաւ գրքի տպագրմանը եւ ընդհանրապէս «Նայիրի» հրատարակչութեան աշխատանքներին, ապա հրաւիրեց օրւայ առաջին բանախօս դոկտ. Աշթիանիին:

Նա անդրադառնալով գրքի պատմական տւեալներին, կարեւորեց նման գրքերի թարգմանութիւնը, որոնք լուսաբանում են ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ Կովկասի մասին պատմական տւեալներ: Բանախօսը ընդգծեց, որ յիշեալ գրքի շնորհիւ կարելի է լրացնել 13-րդ դարի եւ մոնղոլական արշաւանքների այդ ժամանակաշրջանի մասին տւեալների բացը: Նա յաւելեց, որ գրքում մոնղոլների կենցաղի ու վարք ու բարքիվերաբերեալ այնպիսի գրառումներ կան, որոնց մասին չես տեսնի ուրիշ աղբիւրներում: Նա կարեւորեց թարգմանչի մանրակրկիտ թարգմանութիւնը եւ աւելացրած տողատակերը, որոնք գալիս են աւելի լուսաբանելու գրքի բովանդակութիւնը:

Օրւայ երկրորդ բանախօս Արամ Շահնազարեանը իր ելոյթի ընդմիջից վեր հանեց իրանական ու հայկական մշակութային համընդհանրութիւնները, եւ նշեց, որ քիչ չեն այն հայ պատմաբանները, որոնց ստեղծագործութիւններում անդրադարձ կայ Իրանի պատմական տւեալներին, քանի որ երկու հարեւան ժողովուրդների պատմա-մշակութային ընդհանրութիւնները բազմաթիւ են եւ անքակտելի: Նա կարեւորեց նման աղբիւրների անհրաժեշտութիւնը տեղեկատւութեան դաշտի բացը լրացնելու առումով:

Վերջում գրքի մասին խօսեց թարգմանիչ Գարուն Սարգսեանը, ընդգծելով, որ հինգ դրդապատճառներից ելնելով է թարգմանել գիրքը, նախ պատմական տւեալների հանդէպ սէրը, երկրորդ՝ այն, որ Գրիգոր Ակներցին հէնց այդ ժամանակաշրջանի պատմիչ է, երրորդ հանգամանքը հետեւեալն է, որ առանց շեղումների այն միայն մոնղոլների մասին է, ներկայացնելով նրանց կենցաղը եւ կատարած արշաւանքները, չորրորդ հանգամանքը հակառակ այլ պատմիչների, որոնք գրել են հայոց պատմութիւնը եւ դրա ընդմիջից անդրադարձել մոնղոլներին, նա ուղղակի անդրադարձել է նրանց եւ հինգերորդ հանգամանքը հետեւեալը համարեց, որ մեծ իրանագէտ Ռիչարդ Ֆրայը խիստ կարեւորել է այս գիրքը եւ այն Ռաբըրտ Բլէյքի հետ միասին ժամանակինթարգմանել անգլերէնի: Վերջում գրքի եւ թարգմանչի մասին խօսեց իրանահայ բանաստեղծ Վարանդը:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների բաժնի նորանշանակ պատասխանատու Միրդեհղանին, Ալիփուրը եւ այլ պատասխանատուներ, իրանահայ ռեժիրոր Վարուժ Քարիմ Մասիհին, նաեւ գրականասէրներ: