կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 17:01
Տարածաշրջան

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայիսի 9-ի յաղթանակը

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայիսի 9-ի յաղթանակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Արծւաբոյն Շուշիի «Հարսանիք լեռներում» գործողութիւնից անցել է արդէն 27 տարի, եւ այսօր այդ յաղթանակի տօնն է, որը գալիս է համալրելու հայ ժողովրդի Մայիսեան յաղթանակների շարանը:

Մայիսի 9-ի շեմին, երէկ մայիսի 8-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, միութեան կենտրոնատեղիի «Սուքերեան»  սրահում  կազմակերպւել էր դասախօսական գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր, նւիրւած Շուշիի ազատագրման 27-ամեակին: Հայ պարմանուհիների մարտական պարով մեկնարկած միջոցառման սկզբում միութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով Ռուբինա Օհանեանը հրաւիրեց օրւայ բանախօս Արա Աւետեանին:

Բանախօսը շնորհաւորելով օրւայ առիթով, կարեւորեց նման միջոցառումները, որը ուղղած է ազգային, հայրենասիրական ոգին նոր սերնդին փոխանցելու նպատակին: Նա իր ելոյթի ընթացքում, որը զուգորդւած էր պատկերների ցուցադրումով անդրադարձաւ Արցախի եւ ի մասնաւորի Շուշի քաղաքի պատմական, աշխարհագրական տւեալներին եւ ռազմավարական նշանակութեանը: Նա մանրամասն ներկայացրեց Շուշին, ընդգծելով, որ 1992 թւականին  Շուշիի ազատագրումով, նոր լիցք ու շունչ հաղորդւեց հայ մարտիկներին ու ժողովրդին: Դասախօսը կարեւորեց նաեւ Շուշիում գտնւող աւանդական մզկիթի վերանորոգման անհրաժեշտութիւնը: Արա Աւետեանը շեշտեց նաեւ Արցախին նպաստելու եւ նեցուկ հանդիսանալու հանգամանքը: Նա ելոյթից յետոյ պատասխանեց ներկաների հարցերին, որից յետոյ մեկնարկեց գեղարւեստական  յայտագիրը: Պարային կատարումներով հանդէս եկաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարախումբը գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան, պարուսոյցներ Մելան Սեֆեան եւ Թինա Անտոնեան, ասմունքեց պատանի Հայկ Այդինեանը, իսկ մեներգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Հելենա Աղասարեանը:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն: