Միասին կարող ենք
կարևոր
3712 դիտում, 7 ամիս առաջ - 2025-09-09 12:54
Հասարակություն

Երևանում կկայանա Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատորյակի շնորհանդեսը

Երևանում կկայանա Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատորյակի շնորհանդեսը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի կունենա ամերիկաբնակ պոլսահայ մտավորական, մեծարժեք ուսումնասիրությունների հեղինակ Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատության շնորհանդեսը։

Սույն արժեքավոր ուսումնասիրությունը նվիրված է այժմյան Թուրքիայի պետական սահմաններն ընդգրկող տարածքում նախքան 1915 թ․ գործած հայկական վարժարանների պատմությանը։

Պոլսահայ գրող Մաքրուհի Յակոբեանը այս հատորներին նվիրված գրախոսության մեջ մասնավորապես նշում է․ «Նկատի առնելով գործին ծաւալը, հեղինակը որոշած է իր ուսումնասիրութիւնները ամփոփել չորս հատորներու մէջ։ Ներկայ Ա. եւ Բ. հատորներու մէջ տեղադրուած են եօթը Կուսակալութիւն (Vilayet), մէկ Կառավարչութիւն (Mutasarrıflık), եւ երկու Գաւառապետութիւն (Sancak), որոնք են՝ 1- Ադրիանապոլսոյ կամ Էտիրնէի Կուսակալութիւն, 2- Նիկոմիդիոյ կամ Իզմիթ գաւառի կառավարչութիւն, 3- Խիւտավէնտիկեար կամ Պուրսայի Կուսակալութիւն, 4- Գասթամոնուի կամ Գասթամպոլի Կուսակալութիւն, 5- Այտընի կամ Զմիւռնիոյ Կուսակալութիւն 6- Էնկիւրիի կամ Անգարայի Կուսակալութիւն իրեն ենթակայ՝ Եոզկատի Գաւառապետութիւն Կեսարիոյ Գաւառապետութիւն 7- Գոնիայի Կուսակալութիւն 8- Ատանայի Կուսակալութիւն: Այս երկու հատորներու ընդգրկած աշխարհագրութեան մէջ, ըստ Օսմանեան եւ Հայոց Ազգային Պատրիարքարանի տուեալներու, 1915 թուականի դրութեամբ, 316 բնակավայրերու մէջ կ՝ապրէին 512 հազար հայեր։ Այս շրջաններուն մէջ կը գործէին 547 մանկապարտէզ, տարրական, միջնակարգ, բարձրագոյն, ցերեկեայ եւ գիշերօթիկ, անձնական, երկսեռ հայկական վարժարաններ։ Այս ուսումնական հաստատութիւններու մէջ կ՝ուսանէին 48.564 երկսեռ աշակերտներ, կը գործէին 1.237 ուսուցիչ կամ ուսուցչուհիներ։ Իր այս աշխատասիրութեան ընթացքին, հեղինակը օգտագործած է մօտաւորապէս 600 հայերէն, թրքերէն եւ օտարալեզու գիրքեր, ամսագրեր, թերթեր, տարեգիրքեր, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի տպագիր տեղեկագիրները, Պատրիարքարանի կրօնական եւ քաղաքական ժողովի ատենագրութիւններու արձանագրութիւնները, Օսմանեան կրթութեան տարեգիրքերը (Salname), Օսմանեան բնակչութեան տուեալները։ Օգտագործած է Թուրքիոյ Վարչապետարանի Օսմանեան արխիւային փաստաթուղթերը, ի յայտ բերելով բազմաթիւ տեղեկութիւններ, նաեւ արխիւային տուեալներ։ Այս բոլոր աղբիւրները նշուած են զոյգ գիրքերուն մէջ, որպէս ծանօթագրութիւն։ Գիրքերէն Ա. հատորը կը բաղկանայ 512, իսկ Բ. հատորը՝ 546 էջերէ»։

Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորականն առանձին հատորով հեղինակել է նաև «Պատմութիւն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի եւ կրթական հաստատութիւններու» ստվարածավալ ուսումնասիրությունը։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում նախատեսվող շնորհանդեսին հեղինակի աշխատությունը կարժևորեն թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևթուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վերա Սահակյանը։ Միջոցառմանը կմասնակցի նաև այս օրերին Հայաստանում գտնվող գրքի հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը։

Հեղինակի մասին

Գէորգ Պ. Յակոբեան ծնվել է 1947 թ, ԿՊոլսում: 1972-1982 թթ եղել է Գում Գափուի Դրսի Պօղոսեան-Վառվառեան վարժարանի պատասխանատու հիմնադիր: 1997 թ ընտանյոք հանդերձ գաղթել է Ամերիկա՝ հաստատվելով Լոս Անջելեսում: Մինչ օրս ուսումնասիրում է Թուրքիայի վարչապետարանի օսմանյան ու հանրապետական շրջանի արխիվները եւ անտիպ նիւթեր հավաքում Հայոց ցեղասպանության, հայ որբերի, բռնի կրոնափոխ եղած արևմտահայերի, հայերից բռնագրավված ազգային ու անհատական կալվածքների մասին:

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 12

Ժամ՝ 17։00

Հասցե՝ Գյուլբենկյան 38

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն

www.akunq.net