Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Բոյաջյան
Առաջատար հրեական կազմակերպությունները երկար տարիներ ամոթաբար նվազեցրել են Հայոց ցեղասպանության նշանակությունը կամ ժխտել են 1915-1923 թթ. Ցեղասպանությունը, որը Թուրքիան իրականացրել է քրիստոնյա հայերի դեմ։
«Ամեն ինչ պայմանավորված է դոլարներով»․ փետրվարին այսպիսի գրառում էր արել կոնգրեսական Իլհան Օմարը։ Նա մեղադրեց հսկայական հարստության տեր Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովին Իսրայելին պաշտպանելու համար կոնգրեսականներին կաշառելու մեջ։ Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովը (AIPAC), Ընդդեմ զրպարտության միությունը (ADL), Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC), B’nai B’rith միջազգային կազմակերպությունը և ԱՄՆ Կոնգրեսը Օմարին մեղադրեցին հակահրեականության մեջ։ Մինչդեռ 2,153 մարդ JewsWithIlhan.org կայքում պաշտպանեցին Օմարին։
Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովն (AIPAC) իրավունք չունի ֆինանսավորել թեկնածուներին, դրա կոնգրեսական ակումբի անդամները ևս։ Հանձնաժողովի անդամները «միավորում են» անհատական քաղաքական ներդրումները։ Որոշ անդամներ էլ ղեկավարում են քաղաքական գործունեություն ծավալող հանձնաժողովները, որոնք աջակցություն են ցուցաբերում թեկնածուներին: Այնուամենայնիվ դրա անդամները պետք է դա անեն: Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովի ներկայացուցչությունն է կոնգրեսականների համար կազմակերպում թռիչքներ դեպի Իսրայել։
Իսրայելից հետո հերական կազմակերպությունների հրամայականը Հոլոքոստի հարցն է։ Այդ կազմակերպությունները Կոնգրեսի, պետության ու ՄԱԿ-ի միջոցով ղեկավարում են Հոլոքոստի վերաբերյալ օրենսդրական հարցերը՝ հիշատակի արարողությունների, կրթության ծրագրերի, հուշարձանների, թանգարանների, փոխհատուցումների և պատերազմական հանցագործությունների հետ կապված։ ԱՄՆ-ն ունի Հոլոքոստի ու հակասեմականության հարցերով հատուկ ներկայացուցիչներ։ Բազմաթիվ եվրոպական երկրներում Հոլոքոստի ժխտումը համարվում է հանցագործություն։ Մինչդեռ հրեական կազմակերպությունները երկար ժամանակ նվազեցրել են Հայոց ցեղասպանության նշանակությունը կամ ժխտել են իր պատմական հայրենիքում 1915-23 թթ․ 1․5 մլն քրիստոնյա հայերի Ցեղասպանության փաստը։
Բացի այդ՝ Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովը (AIPAC), Ընդդեմ զրպարտության միությունը (ADL), Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC), B’nai B’rith միջազգային կազմակերպությունը և Ամերիկայի ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը (JINSA) Թուրքիայի հետ գաղտնի պայմանավորվածություն են ունեցել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևերը տապալելու հարցում։ Նրանք աշխարհին պահանջում են ընդունել Հոլոքոստը ժխտելու դեմ օրենսդրություն, սակայն խոչընդոտում են մեկ այլ ցեղասպանության ճանաչումը․ սա երկերեսանություն է և բարոյական անկում։
«Հոլոքոստը»,- ասում է հերա լրագրող Յոսի Մելմանը,-«հաճախ քաղաքական գործիք է, ոչ թե բարոյականության ցուցիչ»։
1980-ական թթ․ ի վեր Թուրքիան աջակից էր փնտրում մարդու իրավունքների խախտումների պատճառով իրեն քննադատողների՝ հատկապես հայ ու հույն ամերիկացիների դեմ։ Թուրքիայի այդ ժամանակվա գործընկեր Իսրայելը Ամերիկայում գտնվող հրեական կազմակերպություններին ընդգրկեց Թուրքիային պաշտպանելու գործում։ Հրեական/իսրայելական և թուրքական մամուլում կան միլիոնավոր տողեր, որոնք հաստատում են դա։
Ամերիկայի ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտի ներկայացուցիչ Հեբիֆ Ջոնսթոնը 2006 թ․ խոստովանել է, որ AIPAC, AJC, B’nai B’rith կազմակերպությունները և իր կազմակերպությունը «աշխատել են թուրքերի հետ» ավելի քան 15 տարի։ «Հրեական լոբբին բավականին ակտիվ աջակցություն է ցուցաբերել Թուրքիային՝ կանխելու այսպես ասած Հայոց ցեղասպանության նախագծի ընդունումը»,-ասել է նա։ Ընդդեմ զրպարտության միությունը (ADL) պակաս մեղավոր չէ։ 2007-08 թթ․ Մասաչուսեթսում ամերիկաբնակ հայերը պայքարել են այդ կազմակերպության դեմ։ Ամերիկայում ու աշխարհի տարբեր վայրերում գտնվող հարյուրավոր սկզբունքային հրեաներ և ոչ-հրեա ակտիվիստներ, գիտնականներ ու կազմակերպություններ հավանություն տվեցին հայկական այդ նախաձեռնությանը։ Առլինգթոնը, Բեդֆորդը, Բելմոնտը, Լեքսինգթոնը, Մեդֆորդը, Նիդհամը, Նյուբարիփորթը, Նյութոնը, Նորթհամփթոնը, Փիբոդին, Սեմերիվիլլը, Վոթեթաունը, Վեսթվուդը և Մասաչուսեթսի քաղաքային ասոցիացիան բացահայտեցին, որ Ընդդեմ զրպարտության միության՝ «Ատելության համար տեղ չկա» խորագրով ծրագիրը կեղծիք է։
Բազմաթիվ հերաներ ու իսրայելաբնակներ ավելի են համակրում հայերին, քան շատ քրիստոնյաներ։ Չնայած Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ՝ Քնեսեթի կրթական հանձնաժողովը ցանկանում է դա անել։
Երեք տարի անց Ընդդեմ զրպարտության միությունը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց պարզապես իր «բլոգում»։ Նրանց խոստումը՝ խթանել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, մնաց անկատար։ Դա շատ փոքր և շատ ուշացած քայլ էր։ Այն ներկայում միանշանակ այն կազմակերպությունը չէ, որը զբաղվում է հասարակական և մարդու իրավունքների պաշտպանության գործերով։
Թուրքական քարոզչական «Սարը Գելին» ֆիլմում Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) դեկավար Բարրի Ջեքոբսն անտրամաբանորեն պնդում է, թե Հայոց ցեղասպանությունը չի կարող ցեղասպանություն լինել, քանի որ Հոլոքոստը «եզակի» է։ Այնուամենայնիվ՝ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944 թ․, երբ կիրառության մեջ դրեց ‘genocide’՝ ցեղասպանություն եզրույթը, հայերի կոտորածները որակեց որպես ցեղասպանություն։
Ջեքոբսը մի անգամ ցինիկաբար պարծեցել է՝ ասելով, որ իր կազմակերպությունը Հայոց ցեղասպանության հարցը համարում է «աղբ»։ Նա խոստացել է, որ Ամերիկայի հրեական կոմիտեն «կլինի Թուրքիայի պաշտոնական գործընկերը Կոնգրեսում»։
Այս կազմակերպության ու Թուրքիայի «պաշտոնական» համագործակցությունը հավանաբար խախտում է օտարերկրյա գործակալների գրանցման վերաբերյալ օրենսդրական ակտը։ Կազմակերպության խորհրդի անդամ և Մերիլենդ նահանգի սենատոր Շերոլ Քեյգանը չարամտորեն համեմատել է Հայոց ցեղասպանության օրենսդրական բանաձևի ընդունումը նահանգի խորհրդանիշ համարվող կատվի նշանակման հետ։
Համաձայն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի՝ Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դավիդ Հարիսը հրեաների «արտգործնախարարն է»։ Հարիսը և իր կազմակերպությունը Ադրբեջանի (Թուրքիայի կոռումպացված, բռնապետական դաշնակիցը) և նրա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող նախագահ բռնակալ Իլհամ Ալիևի գործընկերներն են։ Ամերիկայի հրեական կոմիտեի «ժողովրդավարական արժեքներ բոլորի համար» տեսությունը կեղծ է, հատկապես երբ Հարիսը բռնակալից հպարտությամբ ընդունում է բաղձալի «բարեկամության շքանշանը»։
Ադրբեջական «լոբբին Ամերիկայում»,- հայտարարել է Ալիևը,- «այնտեղի հերական համայնքն է»։
Հիրավի, Բոստոնում տեղակայված «Ռասկի Փարթներս» ընկերությունը Ալիևի բարբարոս ռեժիմի պաշտոնական ներկայացուցիչն է։ Կազմակերպության գործադիր տնօրեն Լարրի Ռասկին Ընդդեմ զրպարտության միության խորհրդի պատվավոր անդամ է և քաղաքական գործիչ Ջո Բայդենի խորհրդականը։ Հետաքրքիր է այն, որ Ռասկիի ընկերը և գործընկերը Ընդդեմ զրպարտության միության խորհրդի անդամ Փիթեր Միդն է։ Վերջինս կաթոլիկ է, խիստ դեմ է դուրս եկել Բոստոնում հայկական ժառանգության այգու բացմանը։
Բազմաթիվ հրեա գրողներ ամոթաբար և անհիմն կերպով զրպատել են ամերիկաբնակ հայերին, միայն նրա համար, որ Իսրայելը նավթ է գնում և միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին՝ Հայաստանի հակառակորդին։
Միայն 2015 թ․ Ամերիկայի հրեական կոմիտեն հայտարարում է, որ կօգնի Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այդ խոստումները մնում են անկատար։ Դա շատ փոքր ու շատ ուշացած քայլ էր։
Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովը (AIPAC) մի անգամ սպառնացել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին՝ ասելով, որ նա կկորցնի հրեաների ձայները, եթե Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունվի։ Այդ մասին տեղեկանում ենք թուրք լրագրող Սեդաթ Սերթօղլուից։ Շիմոն Պերեսը դրդեց նախագահ Քլինթոնին կասեցնել բանաձևի ընդունումը։ Գիտնական Իսրայել Չարնին քննադատեց Պերեսին․ «Դու անցար այն բարոյական սահմանը, որը չպետք է անցնի ոչ մի հրեա․․․ Հայոց ցեղասպանության ժխտումը համեմատելի է Հոլոքոստի ժխտման հետ»։
Թեև միայն հրեական խմբերը չեն այդ ամենի մեղավորները, բայց նրանց երկերեսանիությունը նրանց մեղավոր է դարձնում Ցեղասպանության հարցում։
Հրեական կազմակերպությունները վստահ են, որ Հոլոքոստի նշանակության նվազեցումը կամ ժխտումը հակասեմականություն է, նույն ինքը՝ «ատելություն»։ Երբ այդ կազմակերպությունները նվազեցնում կամ ժխտում են Հայոց ցեղասպանությունը, նրանք չե՞ն դառնում արդյոք հայաքրիստոնյա-հակահայ «ատելություն տարածող» խմբեր։
Իսրայելա-թուրքական հարաբերությունները վատացել են։ Հրեական խմբերը ծախեցին իրենց հոգիները ոչնչի համար։
Նրանք այլև հնարավորություն չունեն ներողություն խնդրելու, բացելու Թուրքիային առնչվող իրենց արխիվները և փոխհատուցելու պատճառած վնասը։ Բացի այդ՝ դրանք կորցրել են վստահությունը որպես հասարակական, մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։
Կոնգրեսը և պետական օրենսդիր մարմինները հիմա պետք է հետաքննություն անցկացնեն և դատարան կանչեն այդ երկերեսանի կազմակերպություններին։
Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net