Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակցային գործընթաց
Վերջին շրջանում Ալիևը դարձյալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախյան ուղղությամբ։ Դա նախևառաջ պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարվածության մեծացման դինամիկան ուղղակիորեն փոխկապակցված է նաև Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարավորություններին:
Եթե փորձենք երկու բառով գնահատել բանակցային գործընթացի ներկայիս վիճակը, ապա կարող ենք առանձնացնել թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Նախ՝ դրական պետք է գնահատել այն, որ, նախորդ տարիների համեմատությամբ, զգալիորեն նվազել են սահմանային միջադեպերը։ Սա կարող է դրական նախադրյալ լինել բանակցային գործընթացն առավել հանգիստ մթնոլորտում առաջ մղելու տեսանկյունից։ Մյուս կողմից` այդ միտումը կարող է ունենալ լատենտային նշանակություն, այն է՝ սահմանային միջադեպերի նվազումը կարող է կրել իրավիճակային բնույթ՝ պայմանավորված Ալիևի սպասելիքներով։ Դրանց չարդարացման պարագայում իրավիճակը կարող է շատ ավելի կտրուկ ու անսպասելի զարգացում ունենալ։
Բացասական կողմերից մեկն այն է, որ բանակցային գործընթացում չկա պրագմատիկ առաջընթաց։ Թեև հայկական կողմը փորձում է բանակցել խաղաղության, կայունության ապահովման դիրքերից, այդուհանդերձ, դա խոշոր հաշվով կամ ըստ էության չի վերափոխում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ագրեսիվ դիրքորոշումը։ Ավելին` չկան այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք կնպաստեն Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելուն։
Արձանագրենք, որ հայկական կողմը չի խոսում խաղաղության հաստատման հնարավորության մասին. չպետք է մոռանալ, որ մենք գտնվում են պատերազմի մեջ, և դժվար է նույնիսկ խոսել հարաբերական խաղաղության մասին։ Հայկական կողմը շեշտադրում է խաղաղության մթնոլորտի ձևավորման, իսկ հետագայում նաև՝ զարգացման անհրաժեշտության մասին՝ բանակցություններում առաջընթաց ունենալու ակնկալիքով։
Հակասական, նույնիսկ ոչ նախանձելի իրավիճակում է Ալիևը. եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախկինում պնդում էր, որ բանակցային գործընթացում չկա առաջընթաց՝ Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության, բանակցային գործընթացը ձգձգելու պատճառներով, ապա տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո առնվազն այդ խնդիրը վերացել է։ Սակայն, վերջին մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում չունենալով լուրջ ձեռքբերումներ, Ալիևը Ադրբեջանի հանրությանը պետք է մատուցի հայկական կողմից բանակցային գործընթացը ձգձգելու կամ մանիպուլյացիոն այլ քարոզչական մոդել։
Մյուս կողմից` Ալիևը, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բերումով, իսկապես ակնկալիքներ ուներ արցախյան բանակցային գործընթացից՝ հօգուտ իրեն իրավիճակ ստեղծելու առումով։ Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադիր հետևում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Իսկ այդ ուղղությամբ լարվածության խորացման, անկայունության միտումների հնարավորության իսկ դեպքում հարևան երկրի իշխանությունները կօգտվեն ստեղծված իրավիճակից՝ փորձելով դիմել ռազմական հերթական արկածախնդրության։ Բաքվում առանձնակի նշանակություն են տալիս Հայաստան-Արցախ անհամաձայնությունների հարցին, հնարավորության դեպքում՝ քարոզչական, տեղեկատվական-հոգեբանական միջոցներով փորձում ներազդել այդ անհամաձայնությունների զարգացմանը։ Չտեսնելով հստակ հնարավորություններ կամ օգուտներ բանակցային գործընթացի` այս մեկ տարվա ընթացքից ու արդյունքներից՝ Ալիևը, սահմանային լարվածության մեծացմամբ, փորձում է ճնշումներ գործադրել ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա։ Հայտնենք, որ այս ամենը տեղի էր ունենում հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպմանն ընդառաջ։
Տարածաշրջանային գործընթացներ
Շատ հաճախ սահմանային իրավիճակի սրացումները գլխավորապես դիտվում են հայ-ադրբեջանական դիմակայության կամ հակամարտության համատեքստում՝ կտրվելով աշխարհաքաղաքական, տնտեսական միտումներից ու գործընթացներին։ Սա թերևս բավական նեղ, հիմնականում՝ թյուր պատկերացումներ ու գնահատականներ է իր հետ բերում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտող կողմերի միջև շահերի փոխդասավորվածության իրադրության վերաբերյալ։
Հակամարտության շուրջ ստեղծված իրադրության շուրջ հնարավորինս համապարփակ գնահատականներ կարելի է տալ այն ժամանակ, եթե խնդրին մոտենանք նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների դիտանկյունից, որոնք ուղղակի, թե անուղղակի իրենց ներգործությունն են թողնում, այդ թվում` և Արցախյան հակամարտության ուղղությամբ։
Խնդիրն ակտուալանում է վերջին օրերին Մերձավոր Արևելքում և մեզ հարակից տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բևեռացման հետևանքով։ Այդ առումով պահպանում է ակտուալությունը Վաշինգտոն-Թեհրան, Թել-Ավիվ-Թեհրան դիմակայությունը։ Տարածաշրջանում Իրանի մեկուսացման` Վաշինգտոնի մարտավարությունն անդրադառնում է նաև տարածաշրջանի այլ երկրների արտաքին քաղաքականության վրա։
Զուգահեռաբար, սրվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրիռայյին համակարգերի ձեռք բերման գործարքի հետ։ Չնայած Թրամփի վարչակարգի ճնշումներին` Էրդողանն օրերս հայտարարեց, որ գործարքն արդեն ավարտված կարելի է համարել։ Պետք է նկատել, որ Վաշինգտոն-Անկարա հակասություններն իրենց հերթին են ազդեցություն ունենում հարավկովկասյան ուղղությամբ։ Անկարան, իրեն ապահովագրելով գործարքի ձախողման, տապալման հնարավոր զարգացումներից, կարող է խառնել Վաշինգտոնի խաղաքարտերը, ապակայունացնել իրավիճակը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Նշյալ իրողությունները պայմանավորված են ՌԴ-Թուրքիա հարաբերություններով և մասնավորապես այն հարցադրումներով, թե Անկարան ի՞նչ գին է վճարելու ռուսական Ս-400-ների ձեռք բերման գործարքի դիմաց, և ո՚՞րն է Մոսկվայի փոխզիջման գինը։
Սրանք հարցեր են, որոնք թեև ուղղակի կապվածություն չունեն Հայաստանի կամ Արցախյան հակամարտության հետ, այդուհանդերձ, միամտություն է չտեսնել դրանց անուղղակի հետևանքներն ու անդրադարձները դրանց ուղղությամբ։
Սահմանային սրացումներ
Կարծում ենք, որ նաև նշյալ գործընթացների համատեքստում պետք է դիտարկել արցախյան ուղղությամբ սահմանային լարվածության վերջին միտումները, միջադեպերը։ Եթե նախորդ ամիսներին ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էր գլխավորապես հրաձգային տարբեր զինատեսակներից, ապա վերջին շրջանում հայ դիրքապահների ուղղությամբ սկսել են կիրառվել ականանետեր, նռնականետեր։
Թեև պետք է նկատել, որ հրադադարի պահպանման ռեժիմը քանակական հաշվարկով գրեթե պահպանել է նախորդ ամիսներին գրանցված վիճակագրական դինամիկան։ Այսպես` Արցախի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3700 կրակոց: Մայիսի 26-ից հունիսի 1-ն-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ` հրաձգային զինատեսակներից արձակելով ավելի քան 3500 կրակոց: Հունիսի 2-ից 8-ն-ի վիճակագրությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (25 արկ): Այդ ամսվա 9-ից 15-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, օգտագործվել են ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 արկ):
Զորավարժանքների հաճախակիացում
Սահմանային իրադրության սրացմանը զուգահեռաբար, վերջին ամիսներին կարող ենք արձանագրել ադրբեջանական կողմի զորավարժությունների անցկացման հաճախակիացման միտում։
Ընթացիկ տարվա մարտի 11-15-ին Ադրբեջանում անցկացվեցին լայնածավալ զորավարժություններ, որին մասնակցում էր 10 հազ. զինվորական, գործի էին դրել 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ու նռնականետեր, 20 միավոր ավիացիա։ Զորավարժությունների սցենարի համաձայն` զորքերը իրականացրեցին հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղությամբ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, պաշտպանության խորքում գտնվող ռազմական, ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու գործողություններ։
Ս.թ. մայիսի 1-ին մեկնարկեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորախաղերը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զորավարժանքների նպատակը երկու երկրների ստորաբաժանումների գործակցության փոխհամաձայնեցնումն էր։ Զորավարժություններում ներգրավված էին Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի զրահատեխնիկան, հրետանային սարքեր և ականանետեր, ՌՕՈւ մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ։
Ընթացիկ տարվա մայիսի 20-24-ին Ադրբեջանում անցկացվեցին հերթական լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժանքները: Զորավարժություններն ընթացան գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղման, հակահարձակման գործողությունների սցենարի համաձայն: Զորախաղերին մասնակցում էր 10 հազ. զինծառայող, ներգրավված էին 150 միավոր տանկեր, զրահատեխնիկա, շուրջ 200 հրթիռահրետանային կայանքներ, ՀԿՌՀ-եր և ականանետեր, 35 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ:
Մայիսի 6-23-ին Թուրքիայում Ադրբեջանի, Վրաստանի, Իտալիայի, Ռումինիայի, ԱՄՆ–ի, Պակիստանի ու Քաթարի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվեցին «Էրջիյես-2019» միջազգային զորավարժությունները։ Զորախաղերի ընթացքում իրականացվեցին օդից անձնակազմի վայրէջքի վարժանքներ։ Ըստ աղբյուրի` զորավարժությունում ներգրավվել էր 895 զինծառայող, 70 միավոր զինտեխնիկա, ավելի քան 15 միավոր ավիացիա։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Թուրքիայում Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ անցկացվեցին նաև «Anatolian Phoenix-2019» զորավարժությունները։ Ադրբեջանից զորավարժությանը մասնակցեցին երկուական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ, 60 զինծառայող։ Տարբեր տվյալներով` զորախաղերին մասնակցում էր նաև Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանում։
Հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում Նախիջևանում անցկացվեցին «Անխախտ եղբայրություն–2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էր 5 հազ. զինվորական, գործի էին դրվել շուրջ 200 տանկեր և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռներ, 21 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Զորախաղերին ներկա էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ըստ պաշտոնական աղբյուրների` զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումն էր։
Հարցի առնչությամբ նշենք, որ նման զորավարժությունները, բացի հակահայկական ուղղվածությունից, հետապնդում են ավելի հեռահար նպատակներ. «Անխախտ եղբայրություն» անվանումը կրող զորախաղեր անցկացվում են ՀԱՊԿ շրջանակում։ Այն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները նախևառաջ ուղերձ են ենթադրում Ռուսաստանի համար։ Անկարան ընդգծում է իր շահերը մեր տարածաշրջանում։
Ռազմական ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացման տրամաբանությունը շարունակվեց ընթացիկ տարվա հունիսի 12-ին Գաբալայում` Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման տեսքով, որի ընթացքում կողմերն առաջարկել են Վրաստանին` ներգրավվել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժանքներում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։
Կարեն Վերանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ