կարևոր
3229 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-04 10:42
Քաղաքական

Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»

Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործիչների մի տեսակ կա, որ իր միակ անելիքը համարում է... ոչինչ չանելը: Բայց դա դժբախտության այսբերգի մի մասն է: Մյուս մասն էլ տվյալ գործիչների դեպքում այն է, որ իրենց պարտքն են համարում, ոչինչ չանելով, շարունակաբար թիրախավորել որևէ բան անողներին կամ նրանց նախաձեռնությունները: Այդ տեսանկյունից «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու նրա ծավալվող ընթացքը ուշագրավ է նաև վերը նկարագրված տեսակի գործիչների յուրատեսակ «լ յուստրացիայի» առումով: Խոսքն այն անձանց կամ գործիչների մասին է, որ փորձում են հանրային հարթակներում դիրքավորվել որպես փաշինյանական իշխանության դեմ հանդես եկողներ, սակայն ջուր են լցնում նույն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:

Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց անընդհատ չխոսել շարժման ձախողման մասին: «Եկե՛ք, մասնակից եղե՛ք, թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին»,-ասաց նա։ Սրբազանը նաև դիմեց բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. «Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»: Սա իսկապես կարևոր արձանագրում էր: Այո, ըստ էության, ոչ միայն կոչ, այլև արձանագրում:

Ի լրումն, նկատելի են նաև գործիչներ, շրջանակներ, որ ձևեր են թափում, թե՝ մենք կմիանայինք, մենք ողջունում ենք, բայց... եթե այս «մեկերը» չլինեն մասնակիցների մեջ, այն մյուսները չլինեն, երրորդները չգան, նախկինները չլինեն և այլն, և այլն: Այդպես ասողներին գուցե արժե հայելի նվիրել, բարեկամաբար նաև հուշելով հարց տալ, թե ինչո՞ւ եք կարծում, որ մնացած բոլորը շատ մի ուրախ կամ հոժար են ձեր ներկայությանը, որ մի հատ էլ նախապայմաններ եք դնում: Սակայն այստեղ հիմնականը, կարծում ենք, այն է, որ հանուն պետության գոյության ծավալվող այս պայքարի հետ կապված «բայց»-եր առաջադրելը, «բայց»-եր դնելն ընկալելի չի կարող լինել: Այստեղ «բայց»-եր չկան:

Ամեն ինչ չափազանց պարզ է. կա՛մ դու հանուն Հայրենիքի շարժման հետ ես (մեջ ես, միացած և այլն), կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ ես և կողմ ես նրա իշխանավարման ու արածի շարունակությանը: Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին: Իսկ շարժմանը պահանջներ ներկայացնելու համար առնվազն պետք է դրա մեջ ընդգրկված լինել: Առանց նախապայմանների, ստանձնելով սեփական բաժին պատասխանատվությունը: