կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 22:36
Առանց Կատեգորիա

Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրվում

Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրվում

Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրվա խորհրդին` տոթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրվելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետության հիմնադրի հուշակոթողի մեջ հող-մասունքի զետեղման արարողության ժամանակ խեղդվում էիր ոչ թե բազմության առատությանից ու անձկությունից՝ այլ արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

Դողդոջուն ձեռքերով մի պապիկ շոյում էր Մանուկյանին վերաբերող մասունքների սափորներ ու լաց լինում: Ինչ-որ բանի մասին էր երկխոսում, շնորհակալություն էր հայտնում, մտովի անցնում մեկդարյա պատմության միջով ու կրկին շոյում` հպարտությամբ, որ պետության հիմնադիրն իր արժանի տեղում է:

Չմտածեք, թե հայրենասիրական պաթոսից ելնելով եմ գրում, պարզապես այսօր հասկացա, թե ինչքա՜ն ենք անջրպետվել ինքներս մեզնից: Քանի՞ հոգևորական է մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, ովքե՞ր են պայքարել ու պետություն հռչակել, ի՞նչ ենք մենք պատգամել ու պատգամում մեզնից հետո եկողներին: Ինքս ինձ եմ հարցնում, հետո` հարցն ուղղում նաև ձեզ` իմ սերնդակիցներին` մի մոդել բարձր, մի մոդել ցածր սմարթֆոնից, «Ինստագրամ»-ում երկու նկար պակաս հրապարակելուց, ուղիղ եթերում հորեղբոր տղայի ծննդյան արարողության «լուսաբանումից» զատ, ի՞նչ ենք անում: Քաղաքականությունից, Սորոսից, սև զգեստից, ծաղկավոր թիթեռնիկից, երկիրը թալանածներից և բազմազան այլ երևույթներից անդին գիտե՞նք ինքներս մեզ: Հանրապետության դպրոցներից քանիսի՞ հայոց պատմության ուսուցիչն է երեխաներին ահով-սարսափով, սիրով, գուրգուրանքով, եթե շատ կուզեք` դուխով սերտել տալիս հայի, հայոց պատմության փառավոր էջերի դասերը: Գիտե՞ք` ով ենք… Եթե միայն իմանայիք: Հայրենիքը լոկ օրհներգի անընդհատ շահարկվող թեման չէ, ՊԵԿ ծառայողին պատին հենած դրոշի համար անարգանքի սյանը գամելը չէ, Թումանյանի անունից «վեր կաց ու քայլիր», իսկ Արամ Մանուկյանի անունից «կոռումպացված» չինովնիկին մերժելը չէ: Հայրենիքը արմատն է, գենը, հիշողությունը, հարգանքը, դողդոջուն ձեռքերով աճյունասափորը գուրգուրելն ու մեծերի հետ երկխոսելը: Հայրենիքը նաև համամարդկային արժեքներն են, դրանք ընդունելն ու քոնը դրանց շարքը դասելը:

Սարդարապատի բարձունքում շնչահեղձ անողը ոչ թե շոգն էր, այլ ազգայինի գիտակցման կորուստն ընդունելու ցավը: Խնդրում եմ` պաթոս չփնտրեք,  չփնտրեք հանկարծ, պարզապես երբ տեսակապով սիրելու կլինեք ձեր հարազատներին, հարցրեք նրանց` իսկ Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրվում:

Վրույր Սևակ