կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 15:52
Տարածաշրջան

Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվում է. 4 տարվա ընդմիջումից հետո հայերը վերստին կարողացել են եկեղեցի մուտք գործել

Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվում է. 4 տարվա ընդմիջումից հետո հայերը վերստին կարողացել են եկեղեցի մուտք գործել

Քուրդ զինյալների և թուրքական բանակի միջև բախումների կիզակետում՝ Գյավուր թաղամասում, գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015թ. գնդակոծումների պատճառով մեծ վնասներ է կրել: 2011թ. վերանորոգված եկեղեցին դարձալ ավերվել է: Բախումների պատճառով, 2015թ. սկսած, Գյավուր թաղ մուտքն արգելված է: Այստեղ գտնվելու պատճառով արգելված է նաև մուտքը Սուրբ Կիրակոս եկեղեցի: Իհարկե թաղամասում գտնվող այլ եկեղեցիներ (Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Փրկիչ հայկական բողոքական եկեղեցի, Սուրբ Աստվածածին ասորական եկեղեցի) մուտքը ևս արգելված է:

1915թ. սկսած` տեղի հայկական համայնքը կործանելու համար եկեղեցին որպես թուրքական և գերմանական միացյալ ուժերի պահեստ ու ռազմակայան էր օգտագործվել: Որոշ ժամանակ անց, կրկին Դիարբեքիրի և շրջակա քաղաքների` Ցեղասպանությունից փրկված հայերից համայնք ձևավորելու նպատակով սույն եկեղեցին վերանորոգվել էր և նորից սկսել գործել: 1980-ական թթ. Դիարբեքիրում ապրող հայերը ռազմական ճնշումների պատճառով կրկին ստիպված եղան արտագաղթել: Այս ժամանակներից սկսած` անտարբերության մատնված եկեղեցին կրկին վերանորոգվեց 2011 թ.` Սփյուռքի հայերի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ: Սակայն եկեղեցական արարողություններն այստեղ արգելված էին: Միայն տարին մեկ անգամ, Սուրբ Զատիկի տոնին ոչ պաշտոնապես պատարագ էր մատուցվում:

2015թ. Սուրբ Զատկի տոնից անմիջապես հետո քուրդ և թուրք զինյալների միջև սկսված բախումների, գնդակոծման և հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ կրեց և ավերվեց: 2015թ. հետո թուրքական պետությունը, Սուր շրջանի մի քանի թաղամասեր մուտքն արգելելով, մոտավորապես 3500-4000 տներ և աշխատավայրեր պետականացրեց, այսինքն պետության սեփականությունը դարձրեց: Դրանց թվում էր նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին:

Միայն Սուրբ Կիրակոս եկեղեցու Ղեկավար խորհրդի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի ջանքերի շնորհիվ եկեղեցին կրկին վերադարձվեց Ղեկավար խորհրդին: Կատարված քայլերի արդյունքում թուրքական պետությունը հանդես եկավ եկեղեցին վերանորոգելու մասին հայտարարությամբ: Սակայն վերանորոգման ուղղությամբ առ այսօր ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Չորս տարվա դադարից հետո` երեկ, Հայաստանից եկած մի խմբի հետ կարողացանք Սուրբ Կիրակոս եկեղեցի մտնել: Վերջապես եկեղեցու վերանորոգումը սկսվել էր: Եվ չորս տարվա դադարից հետո կրկին կարողացանք մոմ վառել ու աղոթք անել այնտեղ: Նման իրադարձության համընկնումը 1918թ. մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության 101 ամյակի հետ մեզ ուրախացրեց: Այդ առթիվ շնորհավորում եմ մեր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարելիցը:

Կարոտ Սասունյան

akunq.net

Թարգմանեց Անժելա Սարգսյանը