Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է: ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը վստահեցնում է՝ Հայաստանը խաղաղապահ առաքելության ոլորտում` և՛ տարածաշրջանում, և՛ այն ստորաբաժանումների կազմում, որոնցում ներկայացված է, առաջատար է, հայ խաղաղապահները բարձր ունակություն են դրսևորում, դրա մասին վկայում են միջազգային առաքելություններում ընդգրկված տարբեր պետությունների հրամանատարության շնորհակալական նամակները, դրական բնութագրականները մեր զինծառակողների վերաբերյալ:
«Շփումներում մեր հայ խաղաղապահները բավականին ճկուն են, կարողանում են իրենց լուրջ կեցվածքն ու վերաբերմունքը դրսևորել առաջադրված խնդրի կատարման գործում»,- ընդգծեց Արտակ Տոնոյանը:
Ըստ նրա՝ այս պահին միջազգային խաղաղապահ առաքելություններում ունենք շուրջ 200 զինծառայող:
«2014-ից մենք նաև մասնակցում ենք ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող առաքելությանը Լիբանանում, որտեղ 32 հոգուց կազմված դասակ է, նաև՝ մեկ սպա դիտորդի մասնակցություն ունենք: Այստեղ առաքելությունն իրականացվում է Իտալիայի զինված ուժերի հետ համատեղ»,-հայտնեց հրամանատարը:
Խաղաղապահ ուժերի բրիգադի ղեկավարը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ստորաբաժանումում տարբեր պաշտոններ զբաղեցնող զինծառայողներն արտասահմանյան ռազմական հաստատություններում վերապատրաստման ավելի քան 100 դասընթացի են մասնակցել՝ ակադեմիական և կարճաժամկետ, և այդ զինծառայողները ծառայում են նաև ՀՀ ԶՈւ այլ զորամասերում՝ նպատակ ունենալով դրսում ձեռք բերած փորձը տեղայնացնել մեր զինված ուժերում:
«Առանց այս ուսումնական ծրագրերի` մենք չէին կարող լինել փոխհամագործակցելի արտասահմանյան այլ զինված ուժերի կառույցների հետ՝ մեկ խնդրի կատարման համար»,- շեշտեց Տոնոյանը և հավելեց. «Խաղաղապահ ուժերի բրիգադը ՀՀ ԶՈւ այն ստորաբաժանումներից է, որտեղ դրվում են և՛ արևմտյան, և՛ նախկին Խորհրդային միության զինված ուժերի կանոնագրքերով սահմանված կանոններ, և այստեղ խանգարող հանգամանք չեմ տեսնում: Փորձը ցույց է տվել, որ, լավը վերցնելով՝ լինի արևմուտքից, թե` ցանկացած այլ պետության զինված ուժերից, և տեղայնացնելով սեփական զինված ուժերում, մեր խնդիրների կատարման գործում ունենում ենք արդյունավետություն և որակական որոշումներ, այդ թվում՝ հետագա խնդիրների կատարման գործում»:
Անդրադառնալով Սիրիայում հայկական հումանիտար խմբի առաքելությանը` Տոնոյանը նշեց՝ այստեղ գործում ենք ինքնուրույն:
«Եթե Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, նախկինում՝ Իրաքում, գործում ենք որևէ պետության կազմում և նրանց մշտական տեղակայման վայրերում, որտեղ ապահովված են թիկունքային և տեխնիկական խնդիրները, ապա Սիրիայում մենք ինքնուրույն ենք, և խումբն առանձնակի կերպով է գործում այդ խնդիրների առումով»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Կոսովոյում ներկայիս լարված իրավիճակին և դրանում հայ խաղաղապահների ներգրավվածությանը, Արտակ Տոնոյանն ասաց, որ հայ խաղաղապահ առաքելությունը Պրիշտինայում միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում է ընդգրկված: «Մասնավորապես` մենք ապահովում ենք այն հատվածը, որը տրամադրված է միջազգային ուժերի, զորքերի տեղաշարժերին օդանավակայանում: Սա այն խնդիրն է, որով մենք հիմնականում զբաղված ենք, և այս պահին չենք ունեցել առկա լարվածությունից բխող հետևանքներ: Չկան նման վիճակներ»,- վստահեցրեց նա: