կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 17:49
Քաղաքական

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որեւէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որեւէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որեւէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որեւէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան:

Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան եւ վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու եւ նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության եւ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել, ինչի մասին դատախազությանը տեղեկացվել է նախորդ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին:

Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռեւս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաեւ բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու եւ ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել էր՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի: