Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ՀՀ դատախազության 2016 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ելույթով հանդես եկավ: Նա նշեց, որ դատախազությունը պետք է իրավապաշտպանի դեր ստանձնի, ինչը կբարձրացնի մարմնի նկատմամբ վստահությունը:
«Այս տարի դատախազության օրվան ընդառաջ ՀՀ նախագահն այցելեց դատախազություն և կարևոր ելույթ ունեցավ, որում ցույց տվեց քաղաքական կամքի այն դրսևորումը, որի փաստացի իրականացումը դատախազության և իրավապահ մարմնիի կողմից այս դահլիճում հնչեցրած խնդիրների 99 տոկոսը կլուծի», - ասաց նա: Կոստանյանը կարևորեց նախագահի այն շեշտադրումը, որ դատախազությունը իրավապաշտպան դեր պետք է ստանձնի:
«Սահմանադրությամբ անցում ենք կատարել օրենքի գերակայությունից իրավունքի գերակայության, ինչը նշանակում է, որ եթե օրենքը թեև ֆորմալ կա, գործում է, բայց բովանդակային տեսանկյունից մարդու իրավունքի իրավակիրառ բոլոր մարմինները պետք է նախապատվությունը տան իրավունքին: Այլևս այն արտահայտությունը, որ ոստիկանը, քննիչը, դատախազը կամ մյուս սուբյեկտը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում այսօր ընդունելի չի: Դրանք այլևս չեն կարող արդարացնել այն գործողությունները, որոնք կարող են հակասել մարդու բնական իրավունքների էությանը», - նշեց պատգամավորը: Կոստանյանի խոսքով՝ այս մեխանիզմը նաև կբարձրացնի դատախազության նկատմամբ վստահությունը:
«Ցանկացած ամբաստանյալ, մեղադրյալ դատախազի կողմից գործի նկատմամբ գործի հսկողության օրինականության երաշխավորման տեսակետից այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա: Դատախազն իրոք պետք է ստանձնի այդ օրինականության երաշխավորի դերը, որ ցանկացած քրեական դատավարության մասնակից, ցանկացած անձի մոտ երաշխավորման զգացողություն է առաջացնելու», - հավելեց Կոստանյանը: