Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում վերջին շրջանում ձևավորված վախի մթնոլորտն ազդում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսքն ավելի հաճախ լսելի էր, ապա վերջին շրջանում այդ ձայնը շատ թույլ է:
Ըստ նրա՝ 2016 թվականին, երբ Թուրքիայում ապստամբության փորձ եղավ, նախագահ Էրդողանն էլ ավելի ուժեղացրեց Թուրքիայում ոչ միան իր միանձնյա իշխանությունը, այլև ճնշումները թուրքական հասարակության ամենատարբեր շերտերի վրա:
«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց ականատես էինք լինում վերջին տարիներին: Ցավոք, Թուրքիայի հասարակության այն խիզախ ներկայացուցիչների ձայնը, որոնք փորձում էին ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ այս միտումը ոչ միայն կպահպանվի Թուրքիայում, այլև կուժեղանա, քանի որ գնալով ամրապնդվում է Էրդողանի՝ ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը:
Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց՝ պետք է փորձել հասկանալ, թե այդ ակտիվացման հետևում ինչ է թաքնված:
«Սովորաբար, այդ ակտիվությունն ակնհայտ է լինում այն պարագայում, երբ տվյալ երկրի ու Թուրքիայի հետ հարաբերություններում վատ հանգրվան է: Մյուս կողմից` չպետք է անտեսել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է»,- ասաց նա:
Այս համատեքստում թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարծես թե տեղափոխվում է մահմեդական աշխարհ, և որ դրա մասին է վկայում արաբական որոշ երկրների կողմից այդ մասին խոսելը: Սաֆրաստյանը հույս հայտնեց, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի Թուրքիայի հետ կրոնական ընդհանրության գաղափարից և իսկապես կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը՝ ուղղված մարդկության դեմ:
Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի, հայ ժողովրդի մարտավարությունը: Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ պետք է ավելի հետևողական և հիմնավոր դրվի փոխհատուցման խնդիրը: «Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է, և հանցագործը պետք է պատիժ ստանա: Դա ներկայում հնարավոր է իրականացնել հատուցում պահանջելու միջոցով: Նախ` պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն բոլոր իրավական հարցերը, ճիշտ ընտրվի հարմար քաղաքական պահը և առաջ տարվի փոխհատուցման հարցը»,- հավելեց թուրքագետը: