|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում բարձրացրել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի թվիթերյան պաշտոնական էջից:
Կոնգրեսականը անդրադարձել է վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանն ու հայտարարել, որ Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ:
«Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է, և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, Հայոց ցեղասպանության վրա: Կարո՞ղ եք, արդյոք, համապատասխան աշխատանք տանել վարչակազմի ներսում՝ հասկացնելու նրանց, որ Թուրքիան մեր բարեկամը չէ», - դիմելով Վենեսուելայում Թրամփի հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսին՝ ասել է Շերմանը:
Միևնույն ժամանակ նա կոչ է արել, որ նախագահի վարչակազմը հրապարակային հայտարարություն անի այն մասին, որ դեմ չէ Կոնգրեսի միջազգային հարցերով հանձնաժողովում նախաձեռնված բանաձևին, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին` երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն ու մի շարք երկրներ ճանաչել են նրա իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: