Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան քառօրյա պատերազմի արձագանքներն իրապես անլռելի են մեզնից յուրաքանչյուրի սրտում, թեկուզ արդեն երեք տարի է, ինչ լռել են հրթիռահրետանային համազարկերն Արցախի Հանրապետության արեւելյան սահմանի ողջ երկայնքում, կամ, ռազմական ամփոփագրերի ոճով ասած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում։ Իհարկե, տակավին չեն լռել սովորական հրաձգային զինատեսակների կրակոցները, որոնց մենք կարծես թե ընտելացել ենք 94-ի հրադադարին հաջորդած առանց բացառության բոլոր տարիներին՝ դրանք ընդունելով որպես անխուսափելի երեւույթ մեր կյանքում եւ առանձնապես մարտական հերթապահություն իրականացնող մեր դիրքապահների առօրյայում՝ որպես Ադրբեջանի ծայրահեղ թշնամական պահվածքի արտահայտություն։
Բայց, քանի որ օրերս Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը դարձյալ ոչ մի սփոփիչ արդյունք չի արձանագրել, համենայնդեպս՝ դատելով ըստ հասանելի տեղեկատվությունից, ուստի, կարելի է ենթադրել՝ կրակոցները նվազ, թե ավելի չափաքանակով հետայսու շարունակվելու են շփման գծում ցանկացած պահի՝ կույր գնդակի տրամաբանությամբ վտանգելով երիտասարդ դիրքապահների կյանքը։ Վտանգն այդ առավել եւս ահագնանում է նրանով, որ այդ բանակցություններում կարծես թե օրակարգից հանվել էր Վիեննայում, ապա եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման խնդիրը։ Բանակցող կողմերն արդյո՞ք երբեւէ առաջիկայում կանդրադառնան այդ խնդրին՝ դժվար է ասել։ Երեւի թե՝ քիչ հավանական է, եթե չասենք՝ ոչ։
Անշուշտ, Բաքուն գերադասում է մշտապես սրել լարվածությունը շփման գծում՝ այն կիրառելով որպես ազդեցիկ միջոց բանակցային գործընթացում թե հայկական կողմի եւ թե միջազգային միջնորդների վրա ճնշում գործադրելու համար։ Այս առումով, ինչ խոսք, հատկանշական են Բաքվի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության պարբերական սաստկացումները, նույն այդ դիրքերի մերձակայքում ռազմական, ընդ որում՝ հարձակողական բնույթի խոշորածավալ վարժանքների անցկացումը, մանավանդ բանակցությունների հերթական մեկնարկի եւ կամ համանախագահների, ինչպես նաեւ միջազգային բարձր ատյանների ղեկավարների այցերի նախաշեմին եւ կամ նույն այդ օրերին։
Երեւի թե ավելորդ է մեկ անգամ եւս հատկանշել Բաքվի ռազմաշունչ հռետորաբանությունը ղարաբաղյան թնջուկն ուժի կիրառմամբ լուծելու պատրաստակամության մասին։ Նման հայտարարություններն առավել հաճախակի են դարձել առանձնապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, որը Իլհամ Ալիեւի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական ու ռազմական գործիչների անհիմն, սնանկ պնդմամբ՝ յուրօրինակ դաս էր հայկական կողմի համար։ Ավելին՝ ապրիլյան քառօրյան Բաքուն ներկայացնում է որպես ադրբեջանական զինուժի ՙպատմական հաղթանակ՚ 94-ի հրադադարից հետո, որի արդյունքում իբր ազատագրվել է ավելի քան 2 հազար հեկտար տարածք, գրավվել են թշնամու ռազմավարական նշանակության մի ամբողջ շարք դիրքեր՝ ինչպես հյուսիսում, նույնպես եւ հարավում։ Ընդ որում՝ հյուսիսում շեշտվում են Թալիշ գյուղի մերձակա մի քանի դիրքերը, իսկ հարավում՝ ազատագրված նախկին Ջաբրայիլ շրջկենտրոնից, ներկայիս Մեխակավանից ոչ այնքան հեռու գտնվող Լալա-Թափա բարձունքը եւ չեզոք գոտում ծվարած Չոջուխ-Մարջանլի անմարդաբնակ գյուղը, որոնք ադրբեջանական զինուժը կարողացել էր վերահսկողության տակ առնել հարձակման առաջին իսկ օրը։
Ընդամենն այս է ադրբեջանական զորքերի, այսպես կոչված, «պատմական հաղթանակի» ողջ ծավալը, որն իր պարագծերով հիշեցնում է հին հայկական առածը՝ «Լեռը մուկ ծնեց»։ Եվ իրոք, այն վիթխարի զինուժը, որ ապրիլի լույս 2-ի գիշերը Բաքուն մարտադաշտ էր նետել, պետք էր որ, համաձայն հանկարծակի հարձակման, այսպես կոչված, «բլից-կրիգի» տրամաբանության, շատ ավելիին հասներ։ Բավական է ասել, որ ադրբեջանական բանակն առաջին իսկ օրվանից գործի էր դրել իր սպառազինության գրեթե ողջ պաշարը՝ «Սմերչ», «Գրադ», «Սպայկ» հրթիռային կայանքներ, տարբեր տրամաչափի հրետանի, հետախուզական եւ հարվածային բնույթի թռչող անօդաչու սարքեր, արդիական այլ զինատեսակներ։ Տեղական, այսինքն՝ ադրբեջանցի մասնագետների բացակայության կամ, մեղմ ասած, պակասի պատճառով դրանք կառավարվում էին մատակարար երկրների մասնագետների անմիջական մասնակցությամբ։ Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերն ուղղորդում էին իսրայելցի մասնագետները, ինչը հետագայում պարզվեց Թել-Ավիվում այդ կապակցությամբ ծագած քաղաքական աղմուկի արդյունքում։ Գումարած դրան՝ հսկայական կենդանի ուժը, որը համալրված էր հատուկ նշանակության առանձին բրիգադով, «իսլամական պետություն» կոչեցյալ ահաբեկչական կազմավորման շարքերում ծառայած թուրք եւ ադրբեջանցի բազմաթիվ հրոսակներով։
Ինչպես օրերս իր մի հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ով առանցքային դեր է կատարել ռազմաճակատի կենտրոնական հատվածում հակառակորդի զինտեխնիկայի ոչնչացման գործում, միայն Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից մասնակցում էին շուրջ 229 տանկ եւ այլ զրահատեխնիկա: Սակայն, ինչպես ցույց տվեց մարտական գործողությունների հետագա ընթացքը, կենդանի ուժի ու սպառազինության այդ անչափելի քանակությունը փաստորեն անզոր գտնվեց հայ զինվորի ու սպայի հոգու ու սրտի կանչով դիրքերում նրանց օգնության հասած կամավորական աշխարհազորայինների աննկուն կամքի, անձնվեր խիզախության ու հերոսականության, հայկական ռազմարվեստի փայլուն դրսեւորումների առջեւ։ Մասնավորապես խոսելով ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ ձեռնարկված հակամիջոցների մասին՝ Վիտալի Բալասանյանը նույն հրապարակման մեջ վկայում է հետեւյալը. ՙՀակառակորդի այդ շարժը կասեցնելու համար մեր կողմից որոշում է կայացվել, որ 15-17 կմ խորությամբ խոցում իրականացնենք, եւ մեր հրետանին գերազանց կատարել է այդ խնդիրը՝ կասեցնելով երկու օր անընդմեջ հակառակորդի առաջխաղացման փորձերը: Հստակ տեղեկություն ունենք նաեւ, որ մեր հրետակոծության արդյունքում սպանվել է թշնամու բրիգադի հրամանատարը՚:
Հանդիպելով հայկական կողմի համառ եւ ուժեղ դիմադրությանը, վախենալով հետագա զարգացումներից, առավել եւս՝ հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ-ն արդեն հարձակման գործողությունների է պատրաստվում, ապրիլի 4-ին Բաքուն դիմեց Մոսկվային՝ խնդրելով Ռուսաստանի ղեկավարության միջնորդությունը: Հաջորդ օրը, ինչպես հայտնի է, Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։ Կնքվեց զինադադարի պայմանագիրը, թեկուզ այն որոշիչ չդարձավ մարտական գործողությունների վերջնական դադարեցման համար։ Դրանք ընդհատումներով տեւեցին ամբողջ ամսվա ընթացքում ու շարունակվեցին մինչեւ մայիսի կեսերը, ընդ որում՝ ադրբեջանական կողմի թույլ տված խախտումների հետեւանքով։ Հայկական կողմը մինչ այդ հասցրել էր հետ գրավել պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերի մի զգալի մասը, բայց ոչ ավելին, թեկուզ ակնհայտ առկա էր դրա հնարավորությունը։ Բայց արդեն հնչել էր մարտերը դադարեցնելու հրամանը, եւ ՊԲ-ն ստիպված էր չշարունակել սկիզբ առած հակահարձակ առաջխաղացումը։
Թվում էր, թե պատերազմի կանոներով, երբ հակամարտ կողմերը պայման են կապում մարտական գործողությունները դադարեցնելու մասին, Մոսկվայի հանդիպմանը պետք էր, որ համաձայնություն կայացվեր կողմերի զորքերը ելման դիրքեր հետքաշելու վերաբերյալ։ Սակայն, անհասկանալի պատճառով դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում հանկարծակի հարձակման առաջին օրն ադրբեջանական զինուժի գրաված հայկական դիրքերը մնացին հակառակորդի վերահսկողության տակ, ինչը հետագայում Բաքուն սկսեց թմբկահարել եւ առ այսօր ճոռոմաբանում է որպես հաղթանակ հայկական զինուժի նկատմամբ։ Այս իրողությունը կամա թե ակամա այն հետեւությանն է հանգեցնում, որ, ըստ երեւույթին, ի սկզբանե էր բանը։ Իսկ բանն այն է, որ ղարաբաղյան առաջին պատերազմում խայտառակ պարտության մատնված Ադրբեջանին նույնպես հաղթողի դափնեպսակ տրամադրելու խնդիր կար՝ բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի՝ որպես հավասարը հավասարի հետ բանակցելու առերեւույթ տեսլական ստեղծելու համար։ Այն, ինչ փաստորեն կատարվեց Մոսկվայի հանդիպմանը, ըստ իս՝ հայկական կողմի համար միանգամայն ոչ ձեռնտու պայմանավորվածությունների տեսքով։ Արդյունքում, բնականաբար, հաղթողի դափնեպսակ շնորհվեց նաեւ Իլհամ Ալիեւին, ինչը նա ահա երեք տարի ի վեր օգտագործում է։ Թեկուզ թե՛ նա եւ թե՛ նրա մերձավոր շրջապատը‚ մանավանդ՝ զինվորական հրամանատարությունը‚ քաջ գիտակցում են‚ որ եթե ապրիլի 4-ին փութաջան չաղերսեին Մոսկվայի միջամտությունը եւ վերջինս չհորդորեր Երեւանին‚ ապա հազիվ թե այդպես շուտափույթ հրադադար հաստատվեր‚ եւ արցախյան զորամիավորումները կխորանային նրա թիկունքային տարածքները‚ այո‚ հենց այսպես՝ ադրբեջանական գերությունից ազատագրելով Հյուսիսային Արցախի հայոց պատմական տարածքները։ Առավել եւս, որ չնայած պաշտոնական Բաքվի այն հաղորդագրությանը, թե պատերազմի օրերին զոհվել է ընդամենը 31 ադրբեջանցի զինծառայող, սակայն հետագայում գաղտնազերծված եւ լայն հանրության սեփականություն դարձած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այդ թիվը շուրջ քսան անգամ զիջում է զոհերի իրական ցուցանիշին։ Ավելին, ՊԲ հուժկու հարվածների արդյունքում գլխովին ոչնչացվել է Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության մի ամբողջ բրիգադ, որի պատրաստմանը Թուրքիայում եւ Ադրբեջանի տարածքում մասնակցել են թուրք զինվորական հրահանգիչները։
Այնուամենայնիվ, մոսկովյան հանդիպմանը կատարվել է այն, ինչ կատարվել է, ընդ որում՝ պայմանավորվածությունները կայացել են ոչ հայկական կողմերի, ի մասնավորի՝ Արցախի օգտին։ Խոստովանենք, որ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքները, մանավանդ՝ դիրքերը, իրոք, ռազմավարական նշանակություն ունեն շփման գծի թե հյուսիսային եւ թե հարավային հատվածներում։ Համենայնդեպս, այդ դիրքերից ադրբեջանական զինուժն ակնդետ վերահսկում է հայկական կողմի ցանկացած տեղաշարժ՝ ռազմական, թե հանրային-քաղաքացիական, խոչընդոտելով ինչպես լիարժեք անվտանգության ապահովմանը, նույնպես եւ տնտեսվարման ու ժողովրդագրական գործընթացներին։
Մյուս կողմից, չգիտես ինչու՝ Արցախի անվտանգության ապահովումը մինչեւ ապրիլյան պատերազմը եւ հետագայում եւս կառուցված էր եւ է սոսկ պաշտպանական հայեցակարգի հիման վրա` անուշադրության մատնելով անհրաժեշտության դեպքում հակահարձակողական գործողությունների ռազմավարությունը։ Մինչեւ ե՞րբ մենք պետք է եւ կարող ենք գործել «Հռոմի պապից առավել կաթոլիկ» սկզբունքով՝ միակողմանիորեն ճշտապահ հավատարիմ մնալով բանակցային գործընթացում ձեռք բերված գրավոր թե բանավոր պայմանավորվածություններին։ Արդյո՞ք չափից դուրս միամիտ ու անհարկի անփույթ չենք՝ մտածելով, թե բացարձակապես պաշտպանությամբ կարող ենք հասնել վերջնական խաղաղության, ավելին՝ մեր հիմնահարցի վերջնական եւ արդարացի լուծման։ Ինչու՞ չէ՝ եկեք մի բան էլ մեր թշնամուց սովորենք. պարբերական հարվածներով ինքներս մեր հերթին մշտապես նեղը գցենք նրան՝ հասկացնելով, թե, ռուսական արտահայտության ասած, «որտեղ են ձմեռում խեցգետինները»։ Այլապես, մշտապես պաշտպանության անցնելով՝ մենք թույլի տպավորություն ենք թողնում Բաքվի աչքին, ինչը հետզհետե էլ ավելի է լկտիացնում մեր թշնամուն՝ խթանելով ու մղելով նոր ոտնձգությունների մեր երկրի ու ժողովրդի անվտանգության նկատմամբ։
Ի վերջո, ապրիլյան պատերազմի մարտերում մենք այդ օրերին անհամաչափ թվով զոհեր ենք տվել՝ 110 հոգի, քաջ ու հերոս տղաներ, ովքեր, արցախյան առաջին պատերազմի մասնակիցների օրինակով չխնայեցին իրենց կյանքը հայրենի հողն արժանավայել պաշտպանելու, իրենց հարազատների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք այսօր խոնարհվում ենք նրանց բոլորի սուրբ հիշատակի առաջ։ Մենք քնած, թե արթմնի կիսվում ենք նրանց հետ, մտովի խոսում ամեն ինչի մասին, խուսափելով սակայն պատասխանել մեզ ուղղված գլխավոր հարցին՝ մինչեւ ե՞րբ պետք է այդպես անպատիժ թողնենք հանդուգն անարգ թշնամուն։
Միքայել Հաջյան
aparaj.am