Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախագիծ էր ներկայացրել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի` ԱԺ քառօրյա նիստերը կդառնան եռօրյա:
Ռուբեն Հակոբյանը նախ հիշեցրեց, որ նախկինում այդպես են աշխատել: «Վերջին քառօրյայի ժամանակ մոտ 150 նախագծեր չքննարկվեցին, դուրս մնացին, և դա բնական էր: Մենք առաջարկում ենք, որպեսզի ավելի ռիթմիկ, պրֆեսիոնալ լինի ԱԺ աշխատանքը: Առաջարկում ենք նիստերը հրավիրել ոչ թե երեք շաբաթը մեկ, այլ երկու շաբաթը մեկ: Այդ դեպքում ավելի շատ հնարավորություն կունենանք թե' ելույթներ ունենալու, թե' հարցեր քննարկելու»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` եթե ավելի ռիթմիկ աշխատանք լինի, արդյունքն էլ ավելի արդյունավետ կլինի:
Հարակից զեկուցող` պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ նիստերի ժամանակ ամեն հարցի քննարկումը շատ երկար է տևում, քանի որ պատգամավորներից ամեն մեկը ցանկանում է իր տեսակետն արտահայտել, և որ ավելի նպատակահարմար է եղած ռեժիմով աշխատելը, այսինքն` քառօրյան: Նրա համոզմամբ` պետք չէ մեղադրել քաղաքական մեծամասնությանը, որ լավ չի աշխատում խորհրդարանում, որովհետև եթե մոնիտորինգ անեն բոլոր խորհրդարանական ուժերի շրջանում և համամասնորեն դիտարկենք, կպարզվի, որ հենց քաղաքական մեծամասնության պատգամավորներն են կատարում օրինաստեղծ հիմնական աշխատանքը:
«Չի կարելի անընդհատ մեղադրել քաղաքական մեծամասնությանը` քաղաքական դիվիդենդներ շահելու համար: Դեմ ենք այս նախագծին, որովհետև այն կծանրաբեռնի ու կկազմալուծի խորհրդարանի աշխատանքը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ եռօրյան ծանրաբեռնվածություն է առաջացնելու պատգամավորների համար: Ինքը` որպես մեծամասնականով ընդգրկված պատգամավոր, չի հասցնի գնալ իր ընտրատարածք և հանդիպել իր ընտրողների հետ: Պատգամավորի խոսքով` նախագծի նպատակներն ավելի շատ քաղաքական են, քան տեխնիկական: «Ընդամենը մեկ շաբաթ է մնում օրինագծերը լուրջ քննարկելու համար, դա որակի խնդիր կառաջացնի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագիծը այնքան էլ արդյունավետ չէ` որակյալ օրենքներ մշակելու առումով, որովհետև օրենքների ուսումնասիրությունը և մշակումը ժամանակ է պահանջում: Բացի այդ, ըստ պատգամավորի, կմեծանա ծանրաբեռնվածությունը պատգամավորների աշխատանքում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կարծիք հայտնեց, որ Ռուբեն Հակոբյանը լավ օրից չէ, որ նման նախագիծ է բերել քննարկման: Նրա խոսքով` ԱԺ պատգամավորները օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղված, այլ ավելի շատ օրենքներ ընդունող մարմին են:
«Ինքս կողմ եմ այս նախագծին, որովհետև կողմ եմ պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալուն, բայց ունեմ մտավախություն, որ այն գործիքները, որոնց հետ մենք աշխատում ենք, հարմարեցված չեն այս աշխատանքի համար: Օրենսդիր մարմինը պետք է օրենսդիր քաղաքականություն մշակի, այլ ոչ թե միայն վավերացնի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Եզրափակիչ խոսքում Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքն ընդամենը կանոնակարգային փոփոխություն է առաջարկում, այնինչ` քաղաքական մեծամասնության պատգամավորները ասում են, թե քաղաքականացնում է: Նա նշեց, որ լիագումար նիստերին ակտիվ պատգամավորներն են, ովքեր ակտիվ են հանձնաժողովներում: Մնացածները, մանավանդ` գործարար պատգամավորները քառօրյայի դեպքում հնարավորություն ունեն հանգիստ զբաղվել իրենց գործարարությամբ:
«Միջազգային պրակտիկայում օրենքների միայն 35 տոկոսն է կառավարությունը բերում, բայց ոչ թե մեր երկրի նման, որտեղ կառավարությունը բերում է օրենքների 95 տոկոսը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Առաջարկվեց նախագիծը հետ վերցնել և մեկ անգամ ևս խորհրդակցել քաղաքական ուժերի հետ: