Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կարմրուկի թեմային:
«Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը
Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին է նշել, որ որոշ երկրներում արդեն իսկ դիտվում է դիֆթերիայի հետվերադարձ՝ ուղեկցվելով բռնկումներով, մահվան դեպքերով:
Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն չորրորդ դեպքն է գրանցվում: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ:
Չորրորդ դեպքն արձանագրվել է Իտալիայի քաղաքացու մոտ, որը Հայաստան է ժամանել Ուկրաինայից 2 շաբաթ առաջ` առանց որևէ կլինիկական երևույթների: Ախտանշաններն ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ՝ ունեցել է ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ մարտի 23-ից սկսել է մարմնի ցանավորումը: Մարտի 25-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:
Հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:
Հիշեցնեմ, որ կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ:
Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:
Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից»,- գրել է նա: