կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 17:00
Քաղաքական

Փաշինյանը որևէ բարդություն չի տեսնում անհրաժեշտության դեպքում ԼՂ հարցը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկելու մեջ

Փաշինյանը որևէ բարդություն չի տեսնում անհրաժեշտության դեպքում ԼՂ հարցը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկելու մեջ

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին ինչ-որ բան հարցնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բարդություն չի տեսնում: Այսօր հրավիրված ասուլիսում, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցով հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, նա այսպես արձագանքեց ու հավելեց. «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունը, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել, և նա ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե այդ քննարկման արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին էլ ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, նրանից էլ կհարցնեինք: Կարող է վաղը ծագի նման անհրաժեշտություն, կհարցնեմ: Կամ` կարող է մյուս օրը Քի Վեսթի հետ կապված կամ 2004 թվականի հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին հարցնեմ: Կարող է մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթնաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող է անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե, չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով՝ ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի: Ո'չ հարցնելը, ո'չ էլ չհարցնելը ինքնանպատակ չէ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին՝ Փաշինյանը նշեց, որ Ալիևի հետ հանդիպումներն ու նախկինում ունեցած զրույցները դրական է համարում: «Երկխոսությունը շատ դրական եմ համարում և շատ դրական եմ համարում այն երկխոսությունը, որը դեռ պիտի գա: Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում, և Ադրբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ բան ունի՞ ասելու , որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու և շատ գոհ կլինեի, եթե նման հնարավորություն ստեղծվեր, այսինքն՝ ունենայինք փոխադարձ ըմբռնում բանակցային գործընթացի և երկխոսության շրջանակում: Ես կուզենայի խոսել, ասելիք կունենայի, բայց հիմա միակողմանի չեմ ուզում այդ ասելիքն ասել»,- նշեց Փաշինյանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ, իր պատկերացմամբ, մեր  անվտանգության մի շատ կարևոր մարտահրավերի: «Եթե ինչ-որ միջին կարգի պաշտոնյա Ադրբեջանից ինտերվյու տա և ասի՝ սաղ լուծած է, Փաշինյանը Ղարաբաղը Զանգեզուրախառը ծախել է, ամեն ինչ դասավորած է, ՀՀ-ում գիտե՞ք ինչ կսկսվի, ոչ մեկ չի հարցնի՝ ճի՞շտ է, թե՞ սադրանք: Մեր անվտանգության ամենամեծ մարտահրավերը սա է: Մեր հանրությունը, ցավոք, առնվազն նրա երևացող մասը, ինչպես նաև լրատվամիջոցների մեծ մասը` իրենց երևացող և չերևացող շահագրգռություններով, ստեղծել են տպավորություն, թե որևէ երկրում կամ մայրաքաղաքում կարող է երրորդ կարգի մի պաշտոնյա հարցազրույց տա և Հայաստանն  ալեկոծի: Սա մեր անվտանգության ամենամեծ մարտահրավերն է: Ես ուղիղ եթեր եմ մտնում, ասում եմ՝ ինչ եմ խոսել, ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, բայց որևէ երկրի մի չորրորդական պաշտոնյա մի նախադասություն է ասում, և էստեղ սկսվում է փոթորիկը՝ առել են, ծախել են»,- նշեց ՀՀ վարչապետը: