կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 16:04
Քաղաքական

Վրաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Վրաստանի նախագահ

Վրաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Վրաստանի նախագահ

Վրաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, ուստի  խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ հիմնված  միջազգային իրավունքի վրա:

«Հակամարտությունները խանգարում են Հարավային Կովկասի երկրների զարգացմանը, ուստի դրանք պետք է կարգավորվեն խաղաղ երկխոսության ճանապարհով: Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիները՝ էթնիկ հայերը և ադրբեջանցիները, հանրապետությունում խաղաղ ապրեն»,- ընդգծեց Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ ինքը պարտավորություն ունի Վրաստանում ապրող հայերի համար ավելին անելու, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել Վրաստանի մշակութային, կրթական կյանքին:

Ըստ նրա՝  Հայաստանը և Վրաստանը մեծ պոտենցիալ ունեն ավելի ամուր համագործակցության համար՝ տնտեսության, տուրիզմի, տրանսպորտային ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: 

Այս համատեքստում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձավ երկու երկրների ընդհանուր սահմանի սահմանագծման խնդրի լուծմանը: 

«Արդեն  ժամանակն է, որ մենք ավարտենք մեր սահմանային դելիմիտացիան: Այդ գործընթացը  չպետք է երկարաձգվի հարևան և բարեկամ երկու երկրների միջև: Մենք համաձայնության եկանք, որ  վերադառնանք այն համաձայնագրին, որը կնքվել է, երբ ես դեռ Վրաստանի արտգործնախարարն էի: Այսինքն՝ նորմատիվ բազան համաձայնեցված էր: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ և ավարտենք»,- շեշտեց նա՝ հավելելով, որ և՛ ինքը, և ՀՀ նախագահն ունեն խոսքի իրավունք, որով կարող են ներգործություն ունենալ  երկու երկրների հասարակությունների,  օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա՝ զարգացնելու  երկկողմ հարաբերությունները, որոնք ապագայի համար շատ բան են ներառում:

Վրաստանի նախագահը շեշտեց, որ երկու երկրների մշակութային հարաբերություններն այն մակարդակում չեն, ինչպիսին կարող են լինել բարեկամ երկրների դեպքում: