կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 12:09
Քաղաքական

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ամրագրված դրույթները շարունակում են մնալ առարկայական. ՀՀ ԱԳ նախարար

Վիեննայում  և Սանկտ Պետերբուրգում ամրագրված դրույթները շարունակում են մնալ առարկայական. ՀՀ ԱԳ նախարար

Մարտի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

«Վերջին 3 տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության` կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները, և Հարավային Կովկասում նվազագույնի է հասցվել ԵԱՀԿ ներկայացվածությունը: Հատկանշական է նաև, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած «թավշյա», ժողովրդավարական հեղափոխությունից և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի ամենաբարձր գնահատականին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ուղղված ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը և ձեռքբերումների ամրապնդմանը: 

«Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ-ի սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում կազմակերպության օրակարգային հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Հայաստանն աջակցում է կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի և տարբեր, բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ: Իր հարցազրույցներից մեկում իմ գործընկերը նշել էր, որ ԵԱՀԿ-ն, իրապես, տարածաշրջանում ապրող մարդկանց մասին է, մարդկանց, որոնք արժանի են խաղաղ և անվտանգ ապրելու հնարավորության: Մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը, այն է՝ հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ հիմք է դրանցից տուժած մարդկանց կարիքները, իրավունքները և կամքը հաշվի առնելը: ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդկանց իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են և տարածվում են բոլոր մարդկանց վրա` առանց որևէ բացառության: Այս սկզբունքը տարածվում է նաև ԼՂՀ-ի ժողովրդի վրա: Այս առումով կցանկանայի հատուկ շեշտել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հարցում:  ՀՀ-ն մշտապես կարևորել է ԵԱՀԿ ամբողջ տարածքից, այդ թվում՝ հակամարտության գոտիներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անարգել մասնակցությունը ԵԱՀԿ «մարդկային հարթության» միջոցառումներին: Բազմակողմ դիվանագիտությունը ԵԱՀԿ շրջանակներում կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդման համար: Այդ առումով կարևորում ենք մասնակից պետությունների կողմից կառուցողական երկխոսությունը, ԵԱՀԿ լայն գործիքակազմի օգտագործման համար անհրաժեշտ կամքի ցուցաբերումը և այդ հարցում ԵԱՀԿ գործող նախագահության աջակցությունը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և առանց քաղաքական նախապայմանների հավատարիմ մնալ անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցառումներին և սովորական սպառազինությունների վերահսկման առկա ռեժիմներին՝ բացառելով ապակայունացնող ռազմական շինարարությունը: «Ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խրախուսում են սպառազինությունների մրցավազքը»,- ընդգծեց Մնացականյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը կողմ է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների իրավունքների իրագործման վրա:

«ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկնեցի, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ-ի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է ԼՂՀ-ի որոշիչ ձայնին և ներգրավվածության ապահովմանը: ԼՂՀ հիմնախնդրի առանցքում ընկած են Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունները,  մարդու իրավունքները, սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու  անօտարելի իրավունքը: Սա վերաբերում է Արցախի 150.000 բնակչության ֆիզիկական և կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին: Բազմիցս կրկնել ենք, որ հիմնախնդրի կարգավորման խաղաղ և արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեում, իսկ ավելի վաղ` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Այս դրույթները շարունակում են մնալ առարկայական: Եվ այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը, առանց համապատասխան ծանուցման և ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջների ոտնահարմամբ, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ամփոփեց ՀՀ ԱԳ նախարարը: