կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-15 20:54
Քաղաքական

Հարցեր, որոնք հայկական դիվանագիտությունը պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում. Ա. Աշոտյան

Հարցեր, որոնք հայկական դիվանագիտությունը պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է.

«Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում.

1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք գնալ չի կարող:

2. Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը, քանզի Թուրքիան հերթական անգամ բացահայտեց, որ իրականում Արցախյան հակամարտության կողմ է և չի կարող նպաստել խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը:

3. Ադրբեջանի ագրեսիան ուղղված է առհասարակ հայության դեմ, լինի դա Արցախի Հանրապետության թե Հայաստանի Հանրապետության: ՈՒստի հայաստանա-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի հակահայկական քաղաքականության համատեքստում իրականում մեկ ռազմաքաղաքական ամբողջություն են՝ անկախ այդ սահմանների միջազգային ճանաչման կարգավիճակից: Հետևաբար սխալ է Ադրբեջանի մեղքով այդ սահմաններին ծագող ռազմական գործողությունների ֆորմալ տարանջատումը:

4. ՄԱԿ-ում նախաձեռնել Մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ գործընթաց, որը նախևառաջ պետք է վերաբերի վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Մասնավորապես, միջազգային վերահսկողության տակ է պետք վերցնել ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, նպաստելով թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված ''killer robot-ների'' կիրառման հետ:

5. Միջազգային նշանակություն ունեցող տարածաշրջանային կոմունիկացիաների ապահովության խնդիրը ոչ թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խնդիրն է, այլ դրանց անխափան գործունեության և շահագործմամն մեջ շահագրգռված միջազգային շրջանակների: Հայաստանն ու Արցախը չունեն որևէ միջազգային պարտավորություն ապահովելու այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սեփական անվտանգության հաշվին: Ուստի երկու հայկական պետություններին սպառնացող ադրբեջանական գործողությունների դեպքում մենք պետք է մեզ լիակատար իրավունք վերապահենք ձեռնարկելու ցանկացած համարժեք քայլեր՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար»: