կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 15:26
Հասարակություն

Հանրային ռադիոյի արխիվը՝ համացանցում

Հանրային ռադիոյի արխիվը՝ համացանցում

Հանրային Ռադիոյի թվայնացված արխիվն այսօրվանից հասանելի է բոլորին: armradioarchive.am կայքի շնորհիվ բոլորը հնարավորություն կունենան լսելու ոսկե ֆոնդի ձայնագրությունները: Այտեղ պահպանված են ռադիոթատրոնից մինչև հայ մեծերի բացառիկ ձայները: Այս մասին տեղեկանում ենք Հանրային ռադիոյի պաշտոնական կայքից:

Հանրային ռադիոյի արխիվը հայկական ամենամեծ աուդիո պահոցն է: Այստեղ պահպանվում են մոտ 100 000 ձայնագրություններ` երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ և այլն:

Հայաստանի ռադիոյի պատմությունն սկսվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ օրն հեռարձակվել է առաջին փորձնական եթերն ու առաջին անգամ հնչել. «Երևա՛նն է խոսում»։ Այդ օրն առաջին անգամ ուղիղ եթերում հանդես է եկել նաև «Արևելյան երգչախումբը» (հետագայում՝ Հայաստանի հանրապետական ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլ):

1927 թ-ի ապրիլ-հունիս ամիսներին ստեղծվել է ռադիոցանցն ու ռադիոհաղորդումները եթեր են սկսել հեռարձակվել ստույգ ժամերի:

Ձայնադարանում այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ շուրջ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և այլն:

2017 թվականից սկսվել է ձայնադարանի թվայնացման գործընթացը՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաներ առկա ֆոնդի վերամշակման, ձայնագրությունների որակի բարձրացման, երկարատև պահպանման, օգտագործման և հանրայնացման համար: Այս գործում իր աջակցությունն է բերել նաեւ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը։

Ձայնադարանի «Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են:

Կայքում աուդիոձայնագրությանը կցվում են ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, ներկայացվում է կենսագրություն, ֆոտոալբոմ և այլն: Ձայնագրությունները ներկայացվում են ըստ ժանրերի` դասական, ժողովրդական, էստրադային, ռադիոբեմադրություններ, հատուկ ելույթներ, հարցազրույցներ, մեծերի խոսք և այլն: Կայքն օգտատերերին ներկայացվում է եռալեզու:

Արխիվացման աշխատանքները շարունակական են, քանի որ տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով:

Այստեղ հնչում են արդեն դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ձայներ, նաև ձայնագրություններ, որոնք եզակի են, շատերի համար մինչ այս անհայտ։ Պատմություն կրող, անցյալի ու այսօրվա մասին պատմող այս ձայներն ու երգերը դառնում են ավելի արժեքավոր կայքի յուրաքանչյուր այցելուի ու ունկնդրի հետ միասին:

Այսօր հնարավորություն կա ոչ միայն վայելելու «Ոսկե ֆոնդի» գոհարները, այլ նաև ստեղծելու նորերը: Վերջերս վերաբացված Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում` «Ռադիո ստուդիո»-ում , որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել է արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն իսկ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք վաղը կդառնան մեր այսօրվա մշակութային արժեքների վկայությունը։