կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-24 12:42
Առանց Կատեգորիա

Ստվերի դեմ պայքարը ցանկալի արդյունքներ չի տալիս

Ստվերի դեմ պայքարը դեռեւս ցանկալի արդյունքներ չի տալիս: «Առաջին լրատվական»-ի տաղավարում տեսակետ է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը: Նա իր տեսակետը հիմնավորեց նաև վիճակագրության տվյալներով. «Կարծում եմ՝ շատ կարևոր տեղեկատվություն կա օրեր առաջ ՊԵԿ-ի կողմից հրապարակված խոշոր 1000 հարկատուների ցանկում։ Տեսեք՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող տնտեսվարողների վճարած ընդհանուր հարկերը՝ և՛ ուղղակի, և՛ անուղղակի, 2017 թվականի համեմատ աճել են ընդամենը 14 տոկոսով: Գրեթե նմանատիպ աճ է արձանագրվել նաև ընդհանրապես 1000 խոշոր հարկատուների մասով: Բայց պետք է նկատի ունենանք նաև, որ 2018 թվականին ունեցել ենք 5,8 տոկոս տնտեսական աճ: Փաստորեն, ստացվում է, որ պետական բյուջեի հարկային մուտքերի իրական աճը 8 տոկոսի շրջանակներում է: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում շարունակում է առկա մնալ 30-40 տոկոս ստվերային շրջանառությունը, որի մասին կան նաև պաշտոնական գնահատումներ: Ստվերի վերացման առաջնային նպատակադրումները առաջնային են համարվում և անընդհատ հնչեցվում են նաև այսօրվա կառավարության ներկայացուցիչների կողմից: Սակայն փաստ է նաև, որ 2019 թվականի պետական բյուջեով ևս հաստատվել են չափազանց համեստ ցուցանիշներ: Նախատեսվում է, որ պետական բյուջեի եկամուտները 2019 թվականին կաճեն ընդամենը շուրջ 10 տոկոսով՝ 2018 թվականի համեմատ: Ասեմ նաև, որ այս չափով եկամուտների աճեր փաստացի արձանագրվել է վերջին տարիների պետական բյուջեներում:»:

Հարկային համակարգի դերին վերաբերող հարցին՝ սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից, Թ. Ավետիսյանի հիմնավորմամբ, կառավարության ծրագրով նախանշված փոփոխությունների արդյունքում վերանալու է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը: Նախատեսվում է բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռն իջեցնել և 36 տոկոսից կամ 28 տոկոսից՝ այն հասցնել 23 տոկոսի: Ցածր եկամուտ ունեցողների, այդ թվում՝ աշխատող աղքատների հարկային բեռը մնալու է նույնը՝ 23 տոկոս: Չի նախատեսվելու չհարկվող շեմ, որն իրականում կարող է ունենալ սոցիալական էական նշանակություն՝ իրական ցածր եկամուտների առաջանցիկ աճի տեսանկյունից: Ավելին՝ բարձրանալու են անուղղակի հարկերը, որն էլ անխուսափելիորեն տանելու է գների աճի, որն արդեն իսկ, շատ դեպքերում, տեսանելի է: