կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 13:25
Աշխարհ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Էդգարս Ռինկևիչին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթեց ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգար Ռինկևիչսը կարևորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը: 

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սերտացման հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարար Մնացականյանը հավելեց, որ Համաձայնագիրը միաժամանակ արդյունավետ գործիք է՝ խթանելու ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:

Հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը: