կարևոր
3001 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 18:12
Քաղաքական

ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Միացյալ էմիրությունների փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Միացյալ էմիրությունների փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»:

Դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար շատ կարևոր է որպես դեսպան հանդես գալ հատկապես Հայաստանում: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Շատ մեծ շահագրգռվածություն և հետաքրքրություն կա տնտեսական և առևտրի ոլորտներում: Մեծ հետաքրքրությամբ էմիրաթական կողմը ցանկանում է ավելի զարգացնել առևտրին վերաբերող գործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Միացյալ էմիրությունների սերտ փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության տպավորիչ արդյունքներին և դրանց շարունակական խթանմանը:

Առանձնահատուկ ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների և փոխգործակցության հետագա խորացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության դեմ իրականացվող հակահայկական քաղաքականության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև ներկայումս առկա ակտիվ փոխայցելությունները, քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու վերջինիս հետագա զարգացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Միացյալ էմիրություններում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2023 թվականի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքային շփումները: