Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման է դրվել Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը` վկայակոչելով Hürriyet.com.tr-ը:
Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։
Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ ստացվել է զեկույցում փոփոխություններ մտցնելու 319 առաջարկ, որոնք, ընդհանուր առմամբ, նույնպես դժգոհություն են հարուցել Թուրքիայում։ Մասնավորապես` առաջարկվել է ԵՄ ահաբեկչական խմբավորումների ցուցակից հանել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) անունը։ Թուրքական մամուլի գնահատմամբ՝ այդ առաջարկի ընդունման դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր ճգնաժամն անխուսափելի կլինի։
Բացի այդ՝ առաջարկ է եղել զեկույցում փոփոխություններ կատարել՝ ներառելով Թուրքիային ուղղված կոչ՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Կոչ է արվել նաև ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։
Առաջարկվել է նաև՝ Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառել, դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, զեկույցից հեռացնել Մաքսային միության ընդլայնման և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին գլուխները։
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի օգտին զեկույցում փոփոխություններ մտցնելու առաջարկները շատ քիչ են եղել։
Զեկույցի վերջնական տեքստը պատրաստ կլինի մարտի 11-14-ին և քննարկման կդրվի Եվրոպական խորհրդարանում։